211652_close_icon
views-count15988 դիտում article-date 18:29 02-09-2026

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին. բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira»-ն. կան զոհեր ու վիրավորներ. դեպքի վայր է ժամանել Պարեկային ծառայության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Գևորգ Զաքարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Շամիրյանի, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի գլխավորությամբ։

Մահացածներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Ապարանի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր