211652_close_icon
views-count3049 դիտում article-date 11:56 16-08-2026

«Մայրը խուլ ու համր է, 2-րդ կարգի հաշմանդամ․ նրա միակ խնամակալ 20-ամյա որդուն Արտաշատի զինկոմիսարյատում նույն օրը ստուգել ու տարել են ծառայության»․նրանք ապրում են ծանր սոցիալական պայմաններում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Թադևոսյանի ընտանիքը ահազանգում է նրա զորակոչի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Հարազատների փոխանցմամբ՝ երեկ Արտաշատի զինկոմիսարիատից Նարեկին կանչել են բժշկական ստուգման, որից անմիջապես հետո, տարկետման փոխարեն, զորակոչի որոշում են կայացրել և նրան ուղարկել պարտադիր զինվորական ծառայության։

Մինչ այս երիտասարդն առողջական խնդիրների պատճառով երկու անգամ տարկետում էր ստացել։

Ընտանիքը բնակվում է ծանր սոցիալական պայմաններում՝ վագոն-տնակում։ Նարեկի մայրը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, խուլ ու համր է և ի վիճակի չէ ինքնուրույն հոգալ իր առօրյա կարիքները։ Տանը մշտապես բնակվող այլ անձ չկա, և Նարեկը եղել է մոր հիմնական խնամողը։

Նրա զորակոչվելուց հետո կինը մնացել է լիովին մենակ։

Նարեկի քրոջ ամուսնու խոսքով՝ քույրը նույնպես չի կարող ստանձնել մոր խնամքը, քանի որ ունի հինգ անչափահաս երեխա, սպասում է վեցերորդին և ունի առողջական խնդիրներ։

Հարազատները պնդում են, որ զինկոմիսարիատում Նարեկին ժամանակ չեն տրամադրել ընտանիքի սոցիալական և առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար․ նրան նույն օրը կանչել են, ստուգել և անմիջապես տեղափոխել զինվորական ծառայության վայր։

Ընտանիքը դիմում է համապատասխան պետական կառույցներին՝ խնդրելով հնարավորինս արագ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, հաշվի առնել մոր խնամքի հարցը և լուծում տալ խնդրին։

Լուսանկարներն ու տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր