14512 դիտում
02:38 30-04-2014
Արարատի մարզում մարդաբոյ փոսերի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել, իսկ պատկան մարմինները ասես կույր, խուլ ու համր լինեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ներքին Չարբախ-Մասիս ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Միևնույն ժամանակ ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ու խնդրել են փրկարարների միջամտությունը, քանի որ վթարի հետևանքով կա զոհ և վիրավոր:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած թիվ 4 հատուկ փրկարարական ջոկատը և թիվ 17 փրկարարական ջոկատը Volkswagen մակնիշի 13 UO 437 համարանիշի ավտոմեքենայի տակից դուրս են բերել վարորդի՝ 61-ամյա Թարխան Խաչատրյանի դին, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վերացրել գազի արտահոսքը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի տեղակալ Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր պարզել են, որ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, և, ըստ երևույթին, նա մահացածի որդին է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել են ճանապարհի մարդաբոյ փոսերը, իսկ հավաքված գյուղացիները արդարացիորեն ու զայրացած բարձրաձայնում էին, որ եթե պատկան մարմինները մի քիչ մտածեն վարորդների մասին, ապա կիլոմետրանոց մարդաբոյ փոսերը գոնե ասֆալտով կլցնեն՝ ասելով նաև որ նշված տարածքում հաճախակի են վթարներ լինում միայն փոսերի պատճառով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+