211652_close_icon
views-count2560 դիտում article-date 19:12 14-08-2026

Երևանում մեկ գիշերվա ընթացքում Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, իսկ տեղի համայնքային ոստկանները ջայլամի կեցվածք են ընդունել

Վերջին ամիսներին Երևանում սնկի նման ավելացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը ու կարծես թե պատվավոր առաջին հորիզոնականում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է։

Օգոստոսի 5-ին նշված վարչական շրջանում 10-ից ավելի ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել, իսկ տեղի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, կարծես թե մտադրություն չունեն այս արատավոր երևույթի դեմն առնելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 33-ամյա Էդուարդ Օ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիների ապակիները և 2 համարանիշները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 40-ամյա Կարեն Խ.-ն և հայտնել, որ գիշերն իրենց բակից գողացել են «Changan» մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Րաֆֆու փողոցի բնակիչ 36-ամյա Լևոն Ղ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները գողացել են։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ 48-ամյա Վահե Պ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն և հայտնել, որ իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ 41-ամյա Տիգրան Խ.-ն և հայտնել, որ գիշերը իրենց շենքի դիմաց կայանված՝ իրեն պատկանող «Changan» և «BYD» մակնիշի ավտոմեքենաների վրայից գողացել են զույգ կողային հայելիների ապակիները։ 

Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ անձնական ունեցվածքի գողություն հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ և պարզվում են տուժածներին պատճառված վնասի չափերը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մի քանի ավտոմեքենաներ նույնպես թալանվել են, սակայն տերերը հրաժարվել են դիմել ոստիկանություն՝ համարելով՝ «դիմես-չդիմես, մի քանի օր գալու են, ստից ֆռֆռան, տեսախցիկներ ման գան, թողնեն ու գնան, ապա երկար ու ձիգ ամիսներ, երբեմն տարիներ տանելու են, բերեն, իզուր մեր ներվերը սղոցեն»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր