211652_close_icon
views-count595 դիտում article-date 13:13 12-08-2026

Ինչու է ձգձգվում ՀՀ զինված ուժերում նոր համազգեստի ներդրման գործընթացը․ ՊՆ–ի պարզաբանումը

ՀՀ զինված ուժերը դեռ ամբողջապես չի անցել նոր համազգեստի, և դատելով Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ի պարզաբանումից, դեռ պարզ էլ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի։

Գերատեսչության կողմից պարբերաբար հրապարակվող լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստը կրում են գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ, իսկ մյուսները դեռ հին համազգեստով են: Այս առնչությամբ հետաքրքրվել էինք, թե երբ է ՊՆ ղեկավարությունը փոխելու ամբողջ անձնակազմի համազգեստը՝ հաշվի առնելով, որ այդ անցումը նախատեսվում էր դեռ 2024 թվականին։

«Համազգեստների ներդրման գործընթացն ընդհանուր առմամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող զորային փորձարկման, լեկալների (կառուցվածքի), ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերի ուսումնասիրության արդյունքներով, ուստի փորձնական ներկրված համազգեստները հատկացվել են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներին, այդ թվում` նաև ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև բարձրագույն սպայակազմին»,- պատասխանել են ՊՆ–ից։

Գերատեսչությունից վստահեցրել են, որ բանակի ամբողջ անձնակազմին նոր համազգեստով ապահովելու գործընթացը շարունակվում է, և նոր նմուշների ամբողջական ներդրման ժամկետների մասին կտեղեկացնեն, երբ ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը լինի վերջնական ու հստակ։

Հիշեցնենք` դեռևս 2023 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոփոխության գործընթաց, և աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ։ Նա նաև հայտարարեց, որ նպատակ կա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր ռազմական համազգեստի ներդրման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2025 թվականի վերջին ցուցադրվեց ամերիկյան «Milliken & Company» ընկերության կարած նոր հավաքածուների առաջին խմբաքանակը։

Նմանատիպ նյութեր