211652_close_icon
views-count466 դիտում article-date 22:30 20-07-2026

Իսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհը

Երկուշաբթի Իսպանիայի կենտրոնական Գվադալախարա նահանգում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնել է անվերահսկելի անտառային հրդեհը, որը դարձել է ամենախոշորը երկրում տարեսկզբից ի վեր: Միաժամանակ, օդերևութաբանները զգուշացնում են, որ սպասվող անոմալ տապի ալիքը կմեծացնի նոր բռնկումների ռիսկը Իսպանիայի տարածքի մեծ մասում, գրում է Reuters-ը:

Իսպանիան և Հարավային Եվրոպայի երկրներն ավելի ու ավելի հաճախ են բախվում անտառային հրդեհների կործանարար սեզոնների հետ. մի միտում, որը գիտնականները կապում են գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ:

Այդ հրդեհը բռնկվել է, երբ երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ Ալմերիա նահանգի Բեդար բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած բնական հրդեհը խլել էր 13 մարդու կյանք՝ դառնալով վերջին տասնամյակների ընթացքում Իսպանիայում ամենամահաբերներից մեկը:

Երկուշաբթի օրը իշխանությունները տարհանել են ևս երեք համայնքների բնակիչների, քանի որ Գվադալախարա նահանգում «Լա Միերլա» հրդեհի մակերեսը գերազանցել է 26 հազար հեկտարը: Ավելի քան 1000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

Տարածաշրջանի ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեն հայտարարել է, որ կրակի օղակում է հայտնվել գրեթե 30 բնակավայր, ինչն ընդգծում է հրշեջ հաշվարկների աշխատանքի ծայրահեղ բարդությունը: Ըստ նրա՝ գլխավոր առաջնահերթություն է մնում մարդկանց կյանքի պաշտպանությունը և թույլ չտալը, որ կրակը մոտենա բնակելի տներին ու քաղաքային գոտիներին:

Իսպանիայի AEMET օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ անոմալ տապի ալիքը, որն արդեն երրորդն է 2026 թվականին, կտևի առնվազն մինչև հինգշաբթի: Այն երկրի հարավ-արևելյան ներքին շրջանների մեծ մասում կբերի 40 °C-ից բարձր ջերմաստիճան և հրդեհային վտանգի մակարդակը կհասցնի էքստրեմալի:

Մինչև հինգշաբթի որոշ շրջաններում Աֆրիկայի հյուսիսից ներթափանցող շիկացած և չոր օդի պատճառով ջերմաչափի սյունակը կարող է բարձրանալ մինչև 42–44 °C: Գերատեսչությունը զգուշացրել է նաև Իսպանիայի արևելյան լեռնային շրջաններում «չոր» ամպրոպների ռիսկերի մասին:

Այսօրվա դրությամբ Իսպանիան պահպանում է տխուր առաջատարությունը Եվրոպական Միության երկրների շարքում ընթացիկ տարում այրված տարածքների մակերեսով: Եվրոպական Copernicus արբանյակային մոնիթորինգի ծառայության տվյալներով՝ 2026 թվականին Իսպանիայում կրակով ոչնչացվել է արդեն 104 հազար 423 հեկտար՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 41 հազար 781 հեկտար:

Այսօրվա աղետը ծավալվում է անցյալ ամռան սեզոնի՝ իր ավերածությունների մասշտաբներով բացառիկ ցուցանիշներից հետո, երբ Իսպանիայում այրվել էր 354 հազար 747 հեկտար տարածք և գրանցվել 63 խոշոր անտառային հրդեհ, ինչը դարձել էր վերջին տասնամյակի առավելագույն տարեկան ցուցանիշը:

Նմանատիպ նյութեր