211652_close_icon
views-count547 դիտում article-date 14:52 20-07-2026

Վերանայվել է զորակոչիկի զինծառայության պիտանիության հարցը. նա ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչիկ Է. Մ.-ը, չնայած առողջական մի շարք խնդիրներին, ոչ լիարծեք բժշկական հետազոտությունների արդյունքում ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Այս մասին հայտնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։

Մասնավորապես, զորակոչիկի առողջական վիճակը լիարժեք և օբյեկտիվ չի գնահատվել․ պատշաճ չեն հետազոտվել արմնկային և դաստակ-ճաճանչային հոդերի խնդիրները, չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտություններ աղիների աշխատանքի խանգարումների և որովայնի շրջանում ուժեղ ցավերի վերաբերյալ, իսկ ալերգիկ դրսևորումները գնահատվել են որպես թույլ արտահայտված։

Այս ամենին զուգահեռ՝ 2025 թվականի հուլիսի 22-ին զորակոչիկը փորձել է սեփական միջոցներով ՄՌՇ և ՀՇ հետազոտություններ անցնել «Վանաձոր» բժշկական կենտրոնում և «Յան կլինիկա»-ում, սակայն երկու բուժհաստատություններն էլ հրաժարվել են իրականացնել հետազոտությունները։ Մի դեպքում պատճառաբանվել է, որ առանց ուղեգրի չեն կարող հետազոտել զորակոչային տարիքի անձանց, իսկ մյուս դեպքում՝ որ նման հետազոտություն հնարավոր է միայն զինվորական ծառայություն անցած և զինվորական գրքույկ ունեցող անձանց համար։

2025 թվականի հուլիսի 23-ին Է. Մ.-ը դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով։

Խնդրի կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 25-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով ապահովել զորակոչիկի առողջական վիճակի ամբողջական և օբյեկտիվ գնահատում, կազմակերպել անհրաժեշտ լրացուցիչ բժշկական հետազոտություններ և կրկին ներկայացնել ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին։

Նույն օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է նաև ՀՀ առողջապահության նախարարությանը՝ բարձրացնելով զորակոչիկների՝ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ անցնելու իրավունքի ապահովման հարցը։ ՀՔԱՎ-ը նշել է, որ բուժհաստատությունների կողմից նման մերժումները խախտում են անձի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը, ինչպես նաև հանգեցնում են զորակոչային տարիքի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի։

Չհամաձայնելով 2025 թվականի ամառային զորակոչի արդյունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կայացրած որոշման հետ՝ Է. Մ.-ը չի զորակոչվել զինվորական ծառայության, ինչի արդյունքում հարուցվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում նա ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, իսկ հետագայում ներկայացվել է 2025 թվականի ձմեռային զորակոչին՝ առողջական վիճակի կրկնակի հետազոտությունների։

Արդյունքում վերանայվել է Է. Մ.-ի զինվորական ծառայության պիտանիության հարցը, և 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում նա ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

Փաստացի, եթե զորակոչիկը համաձայնվեր Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախնական որոշմանը, ապա կզորակոչվեր զինվորական ծառայության՝ ունենալով զինծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, որոնք ծառայության ընթացքում կարող էին հանգեցնել առողջական վիճակի վատթարացման և այլ լուրջ հետևանքների։

Այս դեպքը ևս մեկ անգամ վկայում է զորակոչային բժշկական հանձնաժողովների գործունեության ընթացքում առկա համակարգային խնդիրների մասին, երբ ոչ լիարժեք, ոչ համալիր և ոչ օբյեկտիվ բժշկական հետազոտությունների հիման վրա կարող են կայացվել անձի իրական առողջական վիճակին չհամապատասխանող որոշումներ։ Միաժամանակ այն ընդգծում է ժամանակին ցուցաբերված իրավական աջակցության կարևորությունը՝ զորակոչիկների իրավունքների պաշտպանության և նրանց առողջական վիճակի լիարժեք ու օբյեկտիվ գնահատման ապահովման տեսանկյունից։

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնին՝ հետևյալ հեռախոսահամարներով․

093 11 16 15

094 58 27 92

Նմանատիպ նյութեր