211652_close_icon
views-count967 դիտում article-date 19:45 14-07-2026

ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը

Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը՝ տարբեր շահառու խմբերի հետ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
 
Առաջին հանդիպմանը մասնակցել են խոշոր առևտրային ցանցերի և սուպերմարկետների ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում ներկայացվել են պոլիէթիլենային տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանց կիրառման շրջանակը, անցումային ժամանակահատվածի առանձնահատկությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային լուծումները։
 
Հանդիպումը վարել է Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ով ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակներն ու դրանց ակնկալվող բնապահպանական արդյունքները՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ուղղված է պլաստիկ թափոնների կրճատմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և առավել պատասխանատու սպառման մշակույթի ձևավորմանը։
 
Քննարկման ընթացքում տնտեսվարողներին տրամադրվել են մանրամասն պարզաբանումներ՝ օրենսդրության կիրառման, արգելվող արտադրատեսակների, նախատեսվող բացառությունների և անվտանգ այլընտրանքների վերաբերյալ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց դիտարկումներն ու բարձրացնելու ոլորտին առնչվող գործնական հարցեր։
 
Նախարարությունը կարևորում է պետություն–մասնավոր հատված շարունակական երկխոսությունը՝ համոզված լինելով, որ նման ձևաչափով քննարկումները կնպաստեն օրենսդրական փոփոխությունների արդյունավետ և սահուն կիրարկմանը։
 
Իրազեկման հանդիպումների շարքը շարունակական է լինելու՝ ընդգրկելով նաև ոլորտի մյուս շահառու խմբերին։
 

Նմանատիպ նյութեր