211652_close_icon
views-count310 դիտում article-date 13:19 14-07-2026

Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնում. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում «Trade over Aid» ֆորումին ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնում, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից կառուցվածքային կախվածության նվազեցում։

Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում դեպի գիտելիքահենք և տեխնոլոգիական տնտեսություն՝ խթանելով նորարարությունը, աջակցելով մրցունակ փոքր և միջին ձեռնարկություններին և ներդրումներ կատարելով մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

Նշվել է, որ այս ռազմավարական ծրագրի հաջող իրականացումը պահանջում է խաղաղ և կայուն տարածաշրջանային միջավայր, միջազգային մատակարարման շղթաների կանխատեսելիություն, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացում, ինչպես նաև առևտրի դյուրացման և թվային փոխկապակցվածության զարգացում։

Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տնտեսական համագործակցությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» տարածաշրջանային փոխկապակցվածության նախագիծը՝ որպես առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանն ուղղված նախագիծ։ Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով։ 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ անդրադառնալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին «123 համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր ստորագրմանը։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ վերջին զարգացումներին։ 

Ծանոթագրություն. ԱՄՆ վարչակազմի «Trade over Aid» նախաձեռնությունն առաջարկում է տնտեսական զարգացման նոր մոդել, որը համախմբում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, մասնավոր հատվածին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ նպատակ ունենալով գործարարության համար նպաստավոր միջավայր ձևավորել և խթանել տնտեսական աճը՝ ազատ շուկայի սկզբունքների հիման վրա։ Նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է 2026թ. ապրիլի 27-ին։

Նմանատիպ նյութեր