211652_close_icon
views-count3556 դիտում article-date 17:40 06-07-2026

Նորակառույցում բնակարան են վաճառում, հետո նոր ասում լրացուցիչ վճարների մասին․ Oragir.News

Ծաղկաձորի «Ալվինա կոմպլեքս» բնակելի համալիրի բնակիչ, փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը պնդում է, որ բնակարան գնելիս կառուցապատողը չի տեղեկացրել հետագա սպասարկման պայմանների, լրացուցիչ վճարների և սակագների մասին, իսկ համատիրության հետ առաջացած վեճից հետո, նրա խոսքով, նույնիսկ անջատվել են բնակարանի ջուրը, որը, ըստ Թարջիմանյանի, ի սկզբանե եղել է պղտոր ու խմելուն ոչ պիտանի, ու էլեկտրամատակարարումը՝ չնայած դատարանի կայացրած ապահովման միջոցին։
 
Oragir.News-ի հետ զրույցում Լիլիթ Թարջիմանյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի մանրամասները։
 
Նրա խոսքով՝ բնակարանը ձեռք բերելու պահին կառուցապատողի հետ կնքված պայմանագրում որևէ դրույթ չի եղել այն մասին, որ հետագայում շենքի սպասարկումն իրականացվելու է սովորականից տարբերվող պայմաններով, սահմանվելու են սառը և տաք ջրի առանձին սակագներ, ինչպես նաև պարտադիր սպասարկման վճարներ։
 
«Պայմանագրում որևէ դրույթ չկա, որ հետագայում կարող են սահմանվել փոփոխվող սակագներ կամ լրացուցիչ վճարներ՝ առանց բնակիչների համաձայնության»,- նշել է Թարջումանյանը։
 
Նրա խոսքով՝ շենքը շահագործման հանձնելուց հետո կառուցապատողը դրա կառավարումը փոխանցել է «Օլիմպ Ռեզիդենս» համատիրությանը, որը սկսել է սահմանել տարբեր վճարներ և սակագներ՝ առանց բնակիչների համաձայնության և, ըստ նրա, առանց դրանց հաշվարկների հիմնավորումները ներկայացնելու։
 
Փաստաբանը նշում է, որ ինքը և բազմաթիվ այլ բնակիչներ երբևէ չեն անդամակցել համատիրությանը, սակայն, այդուհանդերձ, նրանցից պահանջվում են պարտադիր վճարներ։
 
«Մենք համատիրությանը չենք անդամակցել, բայց մեզանից պահանջում են վճարներ, իսկ երբ փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ իրավական հիմքով և ինչպե՞ս են ձևավորվել այդ սակագները, ապա հստակ պատասխաններ չենք ստանում»,- ասել է նա։
 
Թարջիմանյանի խոսքով՝ համատիրությունից բազմիցս պահանջել է ներկայացնել սպասարկման վճարների, ջրի սակագների և կատարված ծախսերի հիմնավորումները, սակայն, ըստ նրա, փոխարենը ստացել է միայն ընդհանուր տեղեկանքներ, որոնք չեն պարունակում անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթեր։
 
Նրա պնդմամբ՝ հարցերը բարձրաձայնելուց հետո իր նկատմամբ սկսվել են ճնշումներ։
 
«Մոտ մեկուկես ամիս առաջ տուն վերադարձա և տեսա, որ ջուրն ու էլեկտրամատակարարումն անջատված են։ Հետագայում պարզվեց, որ դա իրականացրել են համատիրության ներկայացուցիչները»,- նշել է նա։
 
Թարջիմանյանի խոսքով՝ ինքը դիմել է դատարան, և դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ պարտավորեցնելով «Օլիմպ Ռեզիդենս» համատիրությանը վերացնել իր բնակարանի տաք և սառը ջրից օգտվելու խոչընդոտները։
 
Սակայն, նրա պնդմամբ, նույնիսկ դատարանի որոշումից հետո համատիրության ներկայացուցիչները կրկին անջատել են ջուրը։
 
«Կա դատարանի որոշում, որը ենթակա է անհապաղ կատարման, բայց դրանից հետո նորից եկել են, փակել են ջուրը։ Ջրաչափի վրա կողպեք են տեղադրել և իրենց ցանկությամբ բացում ու փակում են այն»,- ասել է նա։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր