211652_close_icon
views-count508 դիտում article-date 13:59 29-06-2026

Հաղթանակի զբոսայգում շուրջ 9,000 քմ հողատարածք կվերադարձվի համայնքին

Երևանի Հաղթանակի զբոսայգում շուրջ 9,000 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք կվերադարձվի համայնքին և կծառայի հանրային նպատակների։ Այս հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի հունիսի 29-ի գործակարգավարական նիստում։

Խոսքը նույն ընկերությանը պատկանող երկու հարակից հողատարածքների մասին է։ Դրանցից առաջինը՝ 6,900 քմ մակերեսով, գտնվում է Բաբայան 1/1 հասցեում։ Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ բանակցությունների արդյունքում սեփականատերը դիմել է հողամասը համայնքին անհատույց վերադարձնելու առաջարկով։

Երկրորդ հողատարածքը, որը կազմում է շուրջ 2,000 քմ, կառուցապատման իրավական սահմանափակումներ չունի։ Քաղաքապետարանում, սակայն, նշում են, որ զբոսայգում անհամահունչ կառուցապատում բացառելու նպատակով ընկերությանը առաջարկվել է այն փոխանակել համայնքին պատկանող մեկ այլ հողատարածքի հետ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով գործընթացին, ընդգծեց, որ համայնքի շահը պետք է գերակայի մասնավոր շահից։

«Համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ մասավոր շահից։ Ընդհանուր քաղաքի, երևանցիների շահը չի կարող ստորադասվել, օրինակ, 1998-ին կնքված «հոտած պայմանագրին»։ Սա այն կարևոր մոտեցումն է, որը վերջին շրջանում արձանագրվում է նաև դատական որոշումներով»,- ասաց նա։

Նիստի ընթացքում քաղաքապետը հետաքրքրվեց Հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագրի ընթացքով։ Նրա խորհրդական Սոնա Թևանյանը տեղեկացրեց, որ համայնքը չի երկարաձգել «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ կնքված կառուցապատման պայմանագիրը, քանի որ դրա ժամկետն ավարտվել էր։

Թևանյանի խոսքով՝ ընկերությունը դատարանում վիճարկել է այդ որոշումը, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը՝ հաստատելով, որ համայնքը պարտավոր չէր նոր պայմանագիր կնքել ընկերության հետ։

Նա հավելեց, որ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, և մինչ դատական գործընթացի ավարտը կիրառված հայցի ապահովման միջոցների պատճառով համայնքը չի կարող որևէ գործողություն իրականացնել ծրագրի ուղղությամբ։

«Սպասում ենք դատական գործընթացների ավարտին, որպեսզի կարողանանք իրականացնել Հաղթանակի զբոսայգու արդիականացման ծրագիրը»,- ասաց Սոնա Թևանյանը։

Ավինյանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ քաղաքին է վերադարձվել նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգին, որտեղ արդեն բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։ Նա հիշեցրեց նաև, որ այդ ծրագրի շրջանակում «ԱԿԲԱ Բանկի» հետ ստորագրվել է հուշագիր, որի համաձայն բանկն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ ներդրումային ծրագիր են իրականացնելու այգու զարգացման համար։

Նմանատիպ նյութեր