211652_close_icon
views-count5404 դիտում article-date 15:37 25-06-2026

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին․ ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։ 

«Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։ 

«Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Խաչատրյանը։

Այլ հրամաններով պարգևատրվել են նաև որոնողական աշխատանքներին ներգրավված փրկարարական ծառայողներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել իրականացված գործողությունների արդյունավետ կազմակերպման և կատարման գործում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որոնողական աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայողներին։ Բարձր գնահատելով նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու անձնվեր ծառայությունը՝ նախարարն ընդգծել է, որ բարդ որոնողական աշխատանքների ընթացքում գործել են բարձր պատասխանատվությամբ՝ հավատարիմ մնալով մասնագիտական առաքելությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանին հաջողվել էր հայտնաբերել ջրահեղձ եղած 13-ամյա աղջնակի մարմինը։

Այդ օրը առավոտյան ժամը 08։00-ից Սևանի և ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակները, Լոռու մարզի փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարներ շարունակել  էին որոնողական աշխատանքերը և քույրերի ընկնելու վայրից մոտ 600 մետր հեռավորության վրա, 1.5 մետր խորության մեջ, Վահե Մելքոնյանն իր ջրասուզակ գործընկերների հետ հայտնաբերել էր երեխայի մարմինը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 22-ին 8-րդ օրն էր՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ-փրկարարներ՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, նույն կենտրոնի և Սևանի ջրասուզակները շարունակում էին Վանաձոր քաղաքի Փամբակ գետում ջրահեղձ եղած 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։

Որոնողական աշխատանքներին միացել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ, կամավորներ, Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, «Ողջ մնալու արվեստ»-ի և «Ռաֆթինգ»-ի անդամները։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ՝ մարզպետարանի 10-ից ավելի աշխատակիցներ և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարականով քաղաքապետարանի 10-ից ավելի աշխատակիցներ նույնպես շարունակել էին որոնողական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 17-ին Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել էր ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Տեղում էր ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։

Արդեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր