211652_close_icon
views-count59512 դիտում article-date 10:04 17-06-2026

Սևանից ժամանած ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը. տեղում է ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Տեղում է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։

Այս պահին ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Սևանի ջրասուզակները շարունակում են մյուս երեխայի որոնողական աշխատանքները, որոնք ղեկավարում է կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը

Արդեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի կողմից օրվա մթության պատճառով Վանաձոր քաղաքի Փամբակ գետում դադարեցվել էին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել էին երեկ առավոտյան ժամը 08։00-ին։

Որոնողական աշխատանքներին միացել էին ՀՆՓԱԿ-ի և Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի հրշեջ փրկարարաներ, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, մեծ թվով համայնքային ոստիկաններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի մարզերի գումարտակների մեծ թվով պարեկներ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հանձնարարականով մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ, կամավորներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։ 

Դեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր