211652_close_icon
views-count292 դիտում article-date 19:20 21-06-2026

Ադրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել

Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում։ Ակվատորիայի զննությունից հետո մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը եղել է «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

SOCAR-ից հայտնել են, որ նավթային աղտոտման հետքերի մասին տեղեկությունը մասնագիտացված ծառայություններին փոխանցվել է հունիսի 19-ին։ Պիռալահի կղզու և Դյուբենդի ավանի միջև ընկած ակվատորիայի նախնական զննության ընթացքում՝ նավերի և ուղղաթիռի կիրառմամբ, հայտնաբերվել է նավթային բիծ։ Քանի որ արտահոսքի աղբյուրը միանգամից որոշել չի հաջողվել, դիտարկվել են միջադեպի մի քանի հնարավոր պատճառներ։

Ավելի ուշ անցկացված ախտորոշումը ցույց է տվել, որ արտահոսքը տեղի է ունեցել «Ազնեֆթի» ստորջրյա նավթամուղներից մեկից։ Վնասված հատվածի հայտնաբերումից հետո խողովակաշարով նավթի տեղափոխումն անմիջապես դադարեցվել է, իսկ հետևանքների վերացման համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Ջրասուզակների զննությամբ խողովակաշարի վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ։ Նախնական տվյալներով, դրանք կարող էին առաջանալ արտաքին օբյեկտի հետ շփման հետևանքով, ենթադրաբար՝ նավի խարիսխի։

Ներկայումս վնասված հատվածում իրականացվում են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ։ Խողովակաշարի շահագործումը կասեցվել է մինչև վերանորոգման ամբողջական ավարտը, ինչը բացառում է նավթի հետագա արտահոսքը։

Ծովային ակվատորիայի և ափամերձ գոտու մաքրման աշխատանքներն իրականացվում են համատեղ՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության և «Ազնեֆթ» ԱՄ ուժերով։ 

Նմանատիպ նյութեր