211652_close_icon
views-count634 դիտում article-date 21:29 19-06-2026

Գործն ուղղակի աբսուրդային է , երկու օրում գործ են ստեղծել․ Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին։ Պատասխանելով իր դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքել է․

«Գործն ուղղակի աբսուրդային է և կապված է իմ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ, ուղղակի, շատ արագ՝  երկու օրում գործ են ստեղծել»։

Նա ընդգծեց, որ դրանից առաջ, լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, որևէ քրեական գործ չկար, սակայն մեկ օր անց պարզվում է, որ այդպիսի գործ արդեն կա։ 

«Այո, հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել եմ։ Աբսուրդ է, ուղղակի, նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել։ Ամբողջ այդ մեղադրանքի մեջ նկարագրված գործողությունը , որը վերաբերում է ինձ որպես նախագահ այն է, որ 2004 թ․-ին վավերացրել եմ կառավարության որոշումը։ Վերջ, ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի։

Խնդիրը հետևյալի մեջ է՝ 1995թ․-ին ընդունված Սահմանադրությամբ նախագահը վավերացնում է կառավարության որոշումները։ Դա նախագահի  պարտականությունն էր։Ոչ թե հաստատում է, նախագահը չի հաստատում կառավարության որոշումները, նախագահության այն կարգավորումներով սահմանադրական պահանջերը վավերացնում է։ Սա նշանակում է մեկ բան՝ դու կապ չունես բովանդակության հետ։ Դու վավերացնում ես, որ այն  իսկապես կառավարության որոշում է, և վավերացնում ես, որ այն հրապարակվի։ Բոլոր կառավարության որոշումները՝ 1995 թ․ից մինչև 2007 թթ․-ը վավերացվում էին նախագահների կողմից, այդպիսին էր սահմանադրական պահանջը»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի կառավարության որոշման վավերացումը՝ հետագա  զարգացումների հետ։

«Որևէ կապ քրեական գործում ուղղակի չկա։  Չվավերացնելու տարբերակ Սահմանադրությունը չի էլ նախատեսում, չկա որևէ ընթացակարգ, որը նկարագրում է, թե ինչ է կատարվում կառավարության որոշման հետ, եթե դա չի վավերացվում։ Չկա ուղղակի այդպիսի որևէ օրենքով կամ Սահմանադրությամբ արձանագրություն։ Գիտե՞ք ինչին է նման, երբ, օրինակ, օրենք է ընդունում Ազգային ժողովը, հետո նախագահ ստորագրում այդ օրենքը, օրենքը հրապարակվում է։ Այդ գործընթացը շատ նման է կառավարության որոշումների հետ։ 

Կրկնեմ՝ այդ որոշումներն ընդամենը վավերացվում էր նախագահի կողմից, և վավերացնելը չի նշանակում՝ դու համաձայն ես կամ համաձայն չես։ Բովանդակության ընդհանրապես  կապ չունես, դու չես էլ մտնում այդ բովանդակության մեջ։Եվ ավելին ասեմ, շատ հստակ գրած է, որ պետական գույքի կառավարումը կառավարության պարտականությունն է, ոչ թե՝ նախագահի»,- շարունակեց Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր