211652_close_icon
views-count439 դիտում article-date 13:34 18-06-2026

Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտ

Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենսդրական փաթեթը ներկայացրել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, երկրի տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի  վերակառուցման կարգն ու պայմանները:

Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտը, իսկ բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը վերապահվում  է Կենտրոնական բանկին:

Վերակառուցում իրականացնելու համար Կենտրոնական բանկին օրենքով տրվում են իրավասություններ, որոնք հնարավորություն կտան հասնել վերակառուցման նպատակներին:

Զեկուցողը տեղեկացրել է, որ գործող կարգավորումներով, եթե որևէ ֆինանսական ինստիտուտ կանգնում է ֆինանսական խնդրի առաջ, ապա այդ պարագայում միակ լուծումը, որը հնարավոր է կայունացման գնալու համար, այդ ֆինանսական ինստիտուտի լուծարումն է: Այս համատեքստում նշվել է, որ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի փոխել այդ կարգավորումները՝ վերակառուցելով ճգնաժամային խնդրի առաջ կանգնած ֆինանսական ինստիտուտը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է դեռևս 2018 թվականին Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում ներկայացված առաջարկներից: Դրանց նպատակն է նախատեսել բավարար գործիքակազմ՝ ֆինանսական համակարգում անվճարունակ բանկերի ֆինանսական վիճակի վերականգնման և համակարգի կայունության ապահովման համար:

Նախագծի ընդունման արդյունքում կներդրվեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ և միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ ու գործիքներ՝ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար:

Նշվել է, որ օրենսդրության բարելավումն անհրաժեշտ է ճգնաժամերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու, բանկերի ձախողման դեպքում բանկերի կրիտիկական գործունեության անընդհատությունը և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար:

Կներդրվի լայն գործիքակազմ՝ իրականացնելու բանկերի վերակառուցումն այնպես, որպեսզի ապահովվի նաև պետական միջոցների պաշտպանությունը՝ հնարավորինս նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր