211652_close_icon
views-count5635 դիտում article-date 14:46 06-06-2026

Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում. մոտ 20 րոպե տեղացած հավի ձվի չափ կարկուտը ավերածություններ է արել. Լոռու մարզպետի հանձնարարականով ստեղծվել է օպերատիվ շտաբ, տեղում է նաև փրկարարների մի քանի մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ից սկսված մոտ 20 րոպե Ստեփանավան քաղաքում և հարակից վարչական շրջաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով քաղաքացիներին խոշոր չափի վնասներ են պատճառվել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ սա աննախադեպ կարկուտ էր, որոշ տեղերում անգամ կարկուտի չափը հավի ձվի չափի էր հասնում։ Վնասվել են ավտոմեքենաներ, տան տանիքներ, պատուհաններ, ցանքատարածություններ։

Տեղում իրավիճակին ծանոթանալու համար Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կարգադրությամբ ժամանել են մարզպետարանի և Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի աշխատանքները ղեկավարում է Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։

Իսկ Ստեփանավանի քաղաքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր