211652_close_icon
views-count292 դիտում article-date 18:28 24-05-2026

Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ ՀՀ–ի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Մարուքյան

Հայ արտահանողները մնացել են առանց որևէ աջակցության, իսկ իշխանությունները նույնիսկ չեն էլ մտածում առաջացած խնդիրները լուծելու մասին։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ Իրանի հետ սահմանին գտնվող Ագարակից ուղիղ եթերի ժամանակ։

Մարուքյանն իր ուղերձն ուղղել է ընտրողներին՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան և Վրաստան ապրանքների արտահանման խնդիրներին։ Ըստ նրա, իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմում։ Մինչդեռ իշխանությունները կոչ են անում դիմանալ մինչև ընտրությունները՝ հավաստիացնելով, որ հետո ավելի լավ կլինի։ Նա նկատել է, որ իշխանությունները ակնհայտորեն նկատի չունեն իրենց հեռանալը, և այդ դեպքում արդեն բոլորովին անհասկանալի է՝ եթե ռուսաստանյան կողմը խնդիր ունի Հայաստանի իշխանությունների հետ, ինչպե՞ս կարող է դա լուծվել նրանց վերընտրվելուց հետո։ Մարուքյանը հայտնել է, որ բեռնատարները օրերով կանգնած են մնում անցակետերում, հաճախ ապրանքներն ուղարկվում են լրացուցիչ ստուգման, իսկ զուգահեռաբար խանութներից հեռացվում է արդեն մատակարարված ապրանքը։ «Հազարավոր մարդիկ վարկեր են վերցրել, գույքը գրավադրել, ջերմոցներ հիմնել, իսկ հիմա ծաղիկների, կոնյակի, «Ջերմուկի» արտահանումն արգելված է. սա՝ պաշտոնապես, իսկ ոչ պաշտոնապես՝ էլ ավելի շատ բան։ Իշխանությունները, խնդիրը լուծելու փոխարեն, զբաղված են չգիտես ինչով։ Սա ի՞նչ է՝ ձյուն է եկել կամ ձնահյուս է եղել, որ ինքնաբերաբար լուծվի՞»,- վրդովվել է քաղաքական գործիչը։

Նա հայտնել է, որ նմանատիպ հիմնարար խնդիրներ կան նաև Վրաստանի հետ, ընդ որում՝ դրանք շարունակվում են ավելի քան մեկ տարի։ «Հարցերը չեն լուծվելու, որովհետև կապված են ձեր քաղաքականության հետ, և ընտրություններից հետո՝ ներկայիս իշխանությունների վերընտրվելու դեպքում, էլ ավելի կսրվեն»,- փաստել է Մարուքյանը՝ քննադատելով Փաշինյանի վարքագիծը, որը մեկ հայտարարում է Ռուսաստանի հետ բարեկամության մասին, մեկ գործում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ։ Ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրերը նա անվանել է դատարկ թղթեր՝ հավելելով, որ եղած լավ հարաբերություններն իշխանությունները փչացրել են ինչպես կարողացել են և ոչ մի ոլորտում ոչ մի խնդիր չեն լուծել։ Քաղաքական գործիչը կրկնել է նախկինում հնչեցրած միտքը՝ բանկերի տոկոսադրույքների սահմանափակման մասին օրենք ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ, և հավելել, որ պետք է լուծարել ԴԱՀԿ-ն (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը)՝ ստեղծելով այլ համակարգ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր