211652_close_icon
views-count571 դիտում article-date 22:08 29-04-2026

Պարը ինձ համար առերեսում է, փախուստի տեղ չկա. զրույց բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի հետ․ NEWS.am

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը։

Այդ առիթով զրուցել ենք բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է պարը նրա համար, ինչպես է այն արտահայտում իր ներաշխարհը և ինչ է նշանակում բեմում լինել ամբողջովին բաց հանդիսատեսի առաջ։

— Պարե՞լ, թե՞ խաղալ. հիմա ո՞րն է ավելի շատ Ձեր լեզուն։

— Կարծում եմ՝ երկու լեզուներին էլ տիրապետում եմ։ Ով ինչ լեզվով հասկանում է, այդ լեզվով էլ խոսում եմ։ Եթե հանդիսատեսը ընկալում է պարի լեզուն՝ պարով եմ խոսում, եթե խաղի՝ խաղով, որպեսզի բեմի և հանդիսատեսի միջև ճիշտ հաղորդակցություն ստեղծվի։

— Մարմի՞ն, թե՞ հոգի. պարը ո՞րն է ավելի բացահայտում։

— Պարը մարմնի և հոգու միասնությունն է։ Առանց հոգու այն կդառնա պարզապես գիմնաստիկա, իսկ միայն հոգով՝ այլ բան։ Այսինքն՝ պարը այդ երկուսի և բազմաթիվ այլ բաղադրիչների համադրությունն է։

— Մի բառով՝ պարը Ձեզ համար։

— Արտահայտչամիջոց։

— Բեմից առաջ՝ լռությո՞ւն, թե՞ երաժշտություն։

— Երկուսն էլ։ Ամեն ինչ կախված է տրամադրությունից։ Հաճախ ներկայացումից առաջ լսում եմ հենց տվյալ բեմադրության երաժշտությունը՝ ամբողջությամբ դրա մեջ մտնելու համար։ Բայց լինում են պահեր, երբ նախընտրում եմ լռություն՝ կենտրոնանալու համար։

— Ամենաշատը ինչի՞ց եք վախենում բեմում։

— Թերանալուց։ Սակայն տարիների ընթացքում փորձն ու վստահությունը սկսել են գերակշռել այդ վախին։

— Ո՞րն է այն զգացումը, որ միայն պարի միջոցով կարող եք փոխանցել։

— Դժվար է բառերով նկարագրել։ Գուցե հենց այն զգացողությունն է, որը հնարավոր չէ փոխանցել առանց պարի։

— Ինքնաբո՞ւխ պար, թե՞ խիստ կառուցված բեմադրություն։

— Ամեն ինչ կախված է բեմադրությունից։ Ինքնաբուխ տարրերը երբեմն անհրաժեշտ են, բայց առանց հիմնական գծից շեղվելու։ Իսկ բալետում խիստ կառուցվածքը պարտադիր է պահպանել։

— Պարը Ձեզ համար փախո՞ւստ է, թե՞ առերեսում։

— Առերեսում։ Փախուստի տեղ չկա։

— Ի՞նչ է ասում Ձեր մարմինը, երբ լռում եք։

— Բեմում մարմինս խոսում է իմ փոխարեն՝ փոխանցելով այն ամենը, ինչ ուզում եմ ասել։ Իսկ կյանքում լռելիս երբեմն «ասում է», որ ցավեր ունի և բժշկի գնալու կարիք կա։

— Սոցիալական հարթակները օգնո՞ւմ, թե՞ խանգարում են արվեստին։

— Միանշանակ օգնում են։ Դրանք հարթակ են՝ պարը, բալետը և արվեստը տարածելու համար, և ես էլ փորձում եմ իմ հնարավորությունների սահմաններում նպաստել հայկական բալետի զարգացմանը։

— Ի՞նչն է այսօր պարի մեջ չափազանցված կամ կեղծ։

— Երբ արտիստը չի հավատում իր դերին․ երբ պարզապես կատարում է շարժումները, բայց չի ապրում կերպարը։

— Որտե՞ղ է սահմանը՝ արվեստի և ինքնաարտահայտման միջև։

— Կարծում եմ՝ արվեստն ինքնին ինքնաարտահայտում է։ Դրանք պետք է միաձուլվեն։

— Սիրելի պարային ֆիլմ։

— «Եթե ես կրկին պարեմ»։

— Սիրելի պարողներ և պարուհիներ։

— Հայ բոլոր արտիստները։ Արտասահմանյաններից՝ Սերգեյ Պոլունին, Ռոլանդո Սարաբիա, Դանիիլ Սիմկին, Վլադիսլավ Լանտրատով, Նիկոլայ Ցիսկարիձե, Միխայիլ Բարիշնիկով, Իվան Վասիլիև։
Պարուհիներից՝ Նատալյա Օսիպովա, Ուլյանա Լոպատկինա, Սվետլանա Զախարովա, ինչպես նաև՝ Օզլեմ Գյուրել։ — Սիրելի երաժշտություն, որի տակ միշտ կպարեք։
— Ֆիլիպ Գլասի «Առաջին դաշնամուրի կոնցերտը»։

— Ի՞նչն է վերջինը Ձեզ ոգեշնչել պար ստեղծելու համար։


— Նույն Ֆիլիպ Գլասի երաժշտությունը, որի հիման վրա ստեղծել եմ պարային տեսահոլովակ Իրանից իմ ընկերոջ հետ։

 — Ի՞նչ եք սովորել Ձեր մասին պարի շնորհիվ։


— Որ բավականին ուժեղ եմ՝ հոգով, մտքով և ֆիզիկապես, և որ պարի միջոցով կարողացել եմ ավելի լավ ճանաչել ինքս ինձ։

— Ո՞ր ճշմարտությունն է պարը ստիպել ընդունել։


— Որ բեմում դուք ամբողջովին մերկ եք հանդիսատեսի առաջ։ Դուք այն եք, ինչ կաք։ Ձեր վարպետությունը, ազնվությունը և ներաշխարհը՝ ամեն ինչ տեսանելի է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

 

Նմանատիպ նյութեր