211652_close_icon
views-count7066 դիտում article-date 20:32 19-05-2026

Ողբերգական դեպք՝ Մասիսում․ հրշեջները, մարելով տանն առաջացած կրակը, հայտնաբերել են 2 մոխրացած տղամարդու մարմին․ կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն․ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր հրդեհ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությության օպերատիվ խումբը, վարչության պետի տեղակալ Գոռ Մանուկյանի և ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը թիվ 74 տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանել են հրշեջները և մարել այն, ինչից հետո տան ներսում հայտնաբերել են 2 քաղաքացու կիսամոխրացած դի։

Տեղում օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 քաղաքացու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են։

Տեսանյութը կարող եք դիտել հղումով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 148+
148+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր