211652_close_icon
views-count883 դիտում article-date 16:20 19-05-2026

Նոր Հաճնի քաղաքապետն ու «Վեոլիա ջուրը» դարձել են «Անբան Հուռին». 5 տարի է՝ խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով ջուրը կորչում է, իսկ նրանք չեն փորձում վթարը վերացնել, բնակիչներին էլ սպառնում են՝ «եթե ձեռք տաք, կտուգանենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Գրեթե 5 տարուց ավելի է Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի Առնո Բաբաջանյան փողոցի տներից մեկի մոտով անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը կորչում է ու պատկան մարմինները ոչինչ չեն անում խնդիրը լուծելու համար։ Նոր Հաճնի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ու «Վեոլիա ջուր» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուները 5 տարուց ավելի է արհամարհած ունեն քաղաքացիների հարյուրավոր ահազանգերի վրա, որպեսզի խմելու ջրի խողովակի վնասված հատվածը վերանորոգվի։

Այսօր՝ մայիսի 19-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում այդ երկու վայ կառույցների ղեկավարներին՝ ասելով.

«Դուք ձեր տեղում չեք, հակառակ դեպքում 5 տարուց ավելի է միշտ ահազանգում ենք, որ եկեք, ջրի կորստի դեմն առեք, 5 տարի է նույն պատասխանն ենք ստանում, թե տեղյակ ենք, կգանք, ու 5 տարի է դուք ոնց որ մեր բնակիչների համար դարձած լինեք չմարսվող ոսկոր։

Մենք բնակիչներով նույնիսկ ցանկացել ենք մեր միջոցներով վթարը վերականգնել։ «Վեոլիա ջրից» պատասխանել են՝ եթե նման գործողություններ անեք, կամ էդ ջրով ծառ ու ծաղիկ ջրեք, ձեզ կտուգանենք, լրիվ դարակազմիկ պատասխան, ու իզուր չէ այս դեպքում Նոր Հաճնի քաղաքապետին ու «Վեոլիա ջրի» Կոտայքի բաժնի պատասխանատուներին ասել՝ «աշխա՛րհ, կանգնի՛ր, իջնող կա»։

Հիմա ստիպված խնդրանքով դիմում ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որ էդ «պորտաբույծները» վերջապես գան ու էս խնդիրը լուծեն։ Պատկերացնո՞ւմ եք, 5-6 տարի խմելու ջուրը գնա, կորչի, ինչքան ընտանիքներ կօգտվեին այդ ջրից, այդ թվում՝ ոչ միայն Նոր Գեղիում, այլև Կոտայքի մարզի ցանկացած բնակավայրում։ Բայց ինչպես միշտ Նոր Հաճնի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» միայն լավ դատարկ խոստումներ են տալիս»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր