211652_close_icon
views-count343 դիտում article-date 09:31 29-04-2026

Թրամփը հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ վերջին շաբաթներին Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել Իսլամական Հանրապետության տնտեսության վրա ճնշման ուժեղացման օգտին՝ թույլ չտալով, որ նավերը, այդ թվում՝ նավթատար տանկերները, դուրս գան իրանական նավահանգիստներից։ Թրամփի կարծիքով՝ այլընտրանքային տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից հրաժարումը, Վաշինգտոնի համար ավելի շատ ռիսկեր են պարունակում, քան շրջափակման շարունակումը։

WSJ-ը նշում է, որ նախագահը հետագա քայլերի վերաբերյալ հակասական առաջարկություններ է ստանում։ Պաշտոնյաների մի մասը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա, մյուսները մտավախություն են հայտնում, որ Հորմուզի նեղուցը փակ պահելը կամ ռազմական գործողությունների շարունակումը կարող է բացասաբար անդրադառնալ ամերիկյան տնտեսության վրա և ազդել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների արդյունքների վրա։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ իրանական Չահ-Բահար նավահանգստում ամերիկյան շրջափակման պատճառով կուտակվել է ավելի քան 20 նավ։ Զինվորականների տվյալներով՝ ԱՄՆ ՌԾՈւ նավերն ու ուղղաթիռները գործողության սկզբից ի վեր արդեն որսացել են Իրանի հետ կապված 39 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս դրանցից։

Ապրիլի 28-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը չի ընդունի Իրանի վերջին առաջարկը, որը նախատեսում է բացել Հորմուզի նեղուցը, սակայն նրա միջուկային ծրագրի հարցը թողնում է հետագա բանակցությունների համար։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Վաշինգտոնը մոտ ժամանակում կարող է ներկայացնել իր պատասխանը Թեհրանին։

Նմանատիպ նյութեր