211652_close_icon
views-count694 դիտում article-date 22:45 20-04-2026

«Մեր նկատմամբ կա քաղաքական սևեռվածություն»․ Նարեկ Սամսոնյան․ Aravot.am

«Մեր գործունեությունը խուլիգանական դրդում չի ենթադրում։ Նույն յութուբում կան միլիոնավոր դիտումներ ունեցող տեսանյութեր՝ բլոգերների, ռեփերների, որտեղ ուղիղ սեռական հայհոյանքներ են հնչում՝ առանց 18+ գրելու․․․ Մեր նկատմամբ կա քաղաքական սևեռվածություն, ուղիղ հետապնդումներ, որի պատճառով մենք մեկ անգամ անիմաստ տեղը հայտնվել էինք բանտում՝ ոչ մի բան չարած լինելով»,- դատարանում հայտարարեց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ իրենց հաղորդման մեջ խուլիգանության դրվագներ չկան, ոչ էլ ինչ-որ մարդկանց նվաստացնելու-նսեմացնելու դեպքեր կան։

Նարեկ Սամսոնյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իրենք հաղորդման ընթացքում պատասխանել են պաշտոնական անձի հայտարարություններին՝ անգամներով ավելի ոչ պատշաճ, մինչդեռ դրանք խուլիգանություն չեն որակվում։ Նարեկ Սամսոնյանը նաև ասաց, որ իրենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ են, այլ մարդիկ, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Այս ամենը հետևեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին ու դրա արձագանքներին։ Գործով մյուս մեղադրյալ, փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն էլ իր խոսքում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վիճելի հաղորդման ընթացքում իրենք ոչ նորմատիվ լեքսիկոն չեն օգտագործում, անգամ այն դրվագներում, երբ խոսում են Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի մասին։

Հավելեց՝ պատահում է, որ Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս ինքը օգտագործում է ոչ նորմատիվ լեքսիկոն, բայց պարտադիր չէ, որ միշտ օգտագործի և միտումնավոր օգտագործի։ Մեղադրող դատախազը պնդեց, ինքը մի քանի ժամ և տարբեր հաղորդումներ դիտել է, և Ալեն Սիմոնյանի նկատմամբ մի քանի անգամ հնչում են ոչ պատշաճ հայտարարություններ։ Նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ փոդքաստի հեղինակները պատասխան են հնչեցնում․ «Հո էդպես չի՞։ Դե ասեք՝ սկզբից ով և ում ինչ է ասել, հետո՝ ով և ում է պատասխանել»։

Վազգեն Սաղաթելյանը տարակուսեց՝ սկիզբը ո՞րն է․ հետ գնան ութ տարի և սկսեն այդտեղից, թե՝ Արցախի հանձնումից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր