211652_close_icon
views-count2251 դիտում article-date 19:42 10-04-2026

ՀՀ-ում արդեն պրոբացիայի տակ գտնվողներն են գողություն անում․ Oragir.News

2025 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 49 շենքում կատարված բնակարանային գողությունը նախադեպը չունեցող դեպք է։

Համաձայն «Դատալեքսի» տվյալների, գողություն կատարած հանցագործը բազմաթիվ գողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում և ՀՀ-ում, սակայն այսօր պատասխանատվության ենթարկվելու փոխարեն ոչ միայն ազատության մեջ է, այլև ոտքին ամրացված էլեկտրոնային «բրասլետով» ցանկացած պահի բնակարաններ է թալանում։ Այս դեպքի առնչությամբ ՆԳՆ-պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ․ պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Վիլնյուսի փողոցի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։

Փետրվարի 9-ին նշված տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից հետո ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Վերջինի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Դեպքին անդրադարձել է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ներկայացնելով լրացուցիչ մանրամասներ։ Ըստ հրապարակման՝ գողության զոհ են դարձել նշված հասցեում բնակվող արցախցի երիտասարդ ամուսիններ, որոնց բնակարանից հափշտակվել էր շուրջ 7 միլիոն դրամի ոսկյա զարդեր և դրամական միջոցներ։

Դեպքից անցել է շուրջ 4 ամիս։ Այդ ընթացքում թե ինչ «գործընթացներ» են տեղի ունեցել իրավապահ համակարգի և հանցագործների միջև, կարելի է ենթադրել այն փաստից, որ գողը կրկին ազատության մեջ է։

Որքան էլ տարօրինակ է, դեկտեմբերից մինչ օրս իրավապահները չեն կարողանում կամ չեն ցանկանում գողոնը գտնել և վերադարձնել տիրոջը։

Ավելին՝ գործի շրջանակում առկա են բազմաթիվ փաստեր, ըստ ամենայնի, պատշաճ չեն ուսումնասիրվել։

Տեսախցիկների առկայության պայմաններում, ինչպես հայտնում է Oragir.News-ի աղբյուրը, հստակ ֆիքսված է, թե քանի մարդ է մասնակցել գողությանը, ինչպես է բացվել մուտքի դուռը, ինչպես են հանցագործները մուտք գործել բնակարան և րոպեների ընթացքում իրականացրել գողությունը։

Չնայած դրան՝ կարևոր վկաներից մեկը մինչ օրս չի հարցաքննվել, ինչը լուրջ կասկածներ է առաջացնում նախաքննության լիարժեքության վերաբերյալ։

Հարցերը շատ են․ ինչո՞ւ տեսագրությունները չեն ուսումնասիրվել ամբողջ ծավալով, ինչո՞ւ մուտքի անվտանգության համակարգի (դոմոֆոն) տվյալները չեն ներառվել գործի նյութերում, ինչո՞ւ հարևանների վկայությունները անտեսվել են, ինչո՞ւ հեռախոսային տվյալներն ու հնարավոր գաղտնալսման փաստերը չեն վերլուծվել ամբողջությամբ։

Կամ եթե ըստ վկայությունների և տեսագրության տվյալների, մի քանիսն են եղել, նշվում է երեք մարդու անուն, ինչու են մյուս երկուսն ազատության մեջ, կամ Հրաչյա Մարգարյանն ինչու է 2 ամիս անց ազատ արձակվել և այժմ էլ ազատ շրջում ու կարող է էլի բնակարաններ թալանել։ Գործում առկա է նաև ուշագրավ հանգամանք․ կա հեռախոսահամար, որի միջոցով, ըստ աղբյուրի, իրականացվել է տվյալ ընտանիքի նկատմամբ գաղտնալսում։

«Ընտանիքի նկատմամբ իրականացվել է գաղտնալսում, և դրա վերաբերյալ կան որոշ փաստեր։ Չի պարզվում՝ ով է դա կազմակերպել, սակայն գործի նյութերում առկա հեռախոսահամարը, ամենայն հավանականությամբ, օգտագործվել է այդ նպատակով։ Ընդ որում, այդ գործողությունները տեղի են ունեցել ինչպես դեպքից առաջ, այնպես էլ հենց այդ օրը և դրանից հետո»,- նշում է մեր աղբյուրը՝ հավելելով, որ սա արդեն գործին տալիս է հնարավոր կազմակերպված հանցագործության բնույթ։

Ըստ նույն աղբյուրի՝ կատարվածը մեկ կամ երկու անձի գործ չէ․ տեսանյութերի և այլ տվյալների համադրումը ցույց է տալիս, որ գործել է խումբ։ Ավելին՝ տեսախցիկներում արձանագրվել է նաև կեղծ համարանիշներով ավտոմեքենա, որի վերաբերյալ ոստիկանությունը մինչ օրս հստակ պարզաբանում չի տվել։ Առկա են նաև էական հակասություններ։ Գործի նյութերում նշվում է, որ կասկածյալը հանցանքի պահին հեռախոս չի ունեցել կամ օգտագործել է կնոջ հեռախոսը։

Սակայն հեռախոսային տվյալները ցույց են տալիս, որ տվյալ համարն այդ պահին ընդհանրապես չի գտնվել Մալաթիայի բջջային ծածկույթի տիրույթում, այլ ֆիքսվել է Նորքի 8-րդ զանգվածում։ Միևնույն ժամանակ, պրոբացիայի տվյալներով հաստատվում է, որ նույն անձը գտնվել է հենց դեպքի վայրում։ Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ մարդը միաժամանակ «կա» և «չկա» դեպքի վայրում։ Ավելին՝ տվյալ շենքում նրան որևէ մեկը չի ճանաչում, և նա որևէ կապ չի ունեցել այդ հասցեի հետ։ Ուստի առաջանում է պարզ հարց՝ ի՞նչ նպատակով էր նա այնտեղ։

Չորս ամիս անց քննությունը որևէ շոշափելի արդյունք չի տվել։ Տուժածներին չեն տրամադրվել ամբողջական տեսագրությունները․ փոխանցվել են միայն աղոտ, սև-սպիտակ լուսանկարներ, որոնք գործնականում ոչինչ չեն ապացուցում։ Կասկածյալը շուրջ երկու ամիս գտնվել է կալանքի տակ, սակայն հետագայում ազատ է արձակվել այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։ Այսօր նա ազատության մեջ է։ Իսկ տուժածները՝ անպատասխան հարցերի առաջ։

Եվ ամենակարևոր հարցը շարունակում է կախված մնալ օդում․ եթե պրոբացիայի վերահսկողության տակ գտնվող անձը կարող է շարունակել ենթադրյալ հանցագործություններ կատարել, ապա որքանո՞վ է արդյունավետ գործող համակարգը։

Բնականաբար, Oragir.News-ը վերը նշված հարցերի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ այս գործը քննող քննիչ Արմինե Ավետիսյանից։ Լսելով մեր հարցը սույն գործի վերաբերյալ՝ քննիչը կարճ կապեց․ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել․ խնդրում եմ կապվել Քննչական կոմիտեի լրատվության բաժնի հետ, իրենք ավելի մանրամասն տեղեկությունները կտրամադրեն։ Ես իրավունք չունեմ Ձեր հարցերին պատասխանել»։

Քննչական կոմիտեից Oragir.News-ին հայտնեցին, որ հիշյալ գործի վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Դատախազություն, և քանի որ իրենց տիրույթում չէ, մեկնաբանել չեն կարող։

Oragir.News-ը գրավոր հարցում կուղարկի նաև ՀՀ դատախազությանը՝ ակնկալելով իր հարցերի հստակ պատասխանները։ 

Նմանատիպ նյութեր