211652_close_icon
views-count1552 դիտում article-date 15:52 02-04-2026

ՄԻՊ-ից այցելել են կալանավորված 18-ամյա Դավիթին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։

Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը:

Պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության իրավունքի ապահովումը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու նրանց անվտանգությունն ու պատշաճ բժշկական օգնությունը, ինչպես նաև կրթության և այլ հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը։

Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:

Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ։

Պաշտպանի ներկայացուցիչները «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են նաև այլ անձանց` նրանց իրավունքներին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով:

 

Նմանատիպ նյութեր