211652_close_icon
views-count1471 դիտում article-date 14:32 01-04-2026

Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան

Բացել եմ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամ, որի շրջանակում առաջին մեծ ծրագիրն Արթիկի շրջանի Փանիկ գյուղում է իրականացվելու: Կառուցելու ենք մեծ մարզակրթական կենտրոն, որի միջոցով երեխաները և ոչ միայն երեխաները հնարավորություն կունենան զբաղվել սպորտով։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Նա պարզաբանել է, թե ինչու են ծրագիրը հենց Փանիկում նախաձեռնել իրականացնել:

«Դա այն հատվածն է, որտեղ 23 գյուղի տրանսպորտային հասանելիություն կա,  գյուղեր կան, որ համայնքին չեն պատկանում, բայց կրկին երեխաներին հասանելի է: 6,000-ից ավելի երեխա հնարավորություն կունենա այցելել: Դա ոչ միայն մարզադպրոց է, այլ մարզակրթական կենտրոն, քանի որ ամֆիթատրոն է լինելու, որտեղ երեխաները կկարողանան դիտել ֆիլմեր, ներկայացումներ անել, ցուցահանդեսներ, որ մշակույթից էլ հեռու չմնան, ընդհանուր մի զարգացման կենտրոն է»,-նշել է Ավդալյանը:

Նա հավելել է, որ այլ մարզերում նախատեսվում է վերանորոգել մարզադպրոցներ:

«Համայնքը հիմնադրամին 14,000 քմ հողատարածք է տրամադրել է անհատույց, հիմա նախագծային աշխատանքների վրա ենք աշխատում: Մեծ հույս ունեմ, որ այս տարվա վերջ պատրաստ կլինի և մենք մյուս տարի կկարողանանք կատարել շինարարական աշխատանքներ: Նշեմ, որ պետական աջակցություն է ունենալու, քանի որ այս նախագիծն ազգային է, միտված է հենց պրոֆեսիոնալ մարզիկների պատրաստմանը, և ոչ միայն: Բոլոր երեխաները կկարողանան զբաղվել, նաև ներառական խմբի երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան ամբողջությամբ լինել սպորտի մեջ։ 

Ինչո՞ւ եմ կարևորում պետական աջակցությունը: Ես ընդհանրապես պետականամետ եմ և շատ կարևորում եմ պետության ներգրավվածությունը, որովհետև դա համատեղ, ազգային նախագիծ է»,-պարզաբանել է նա:

Մարզիկն ասել է՝ ուրախ կլինի, որ յուրքանչյուրը ներգրավվի այդ գործում և իմանան, որ ապագա չեմպիոնների կայացման գործում ներդրում ունեն:

Նմանատիպ նյութեր