211652_close_icon
views-count979 դիտում article-date 16:25 30-03-2026

ԿԳՄՍ նախարարը Ջրային կոմիտեի նախագահին է ներկայացրել ՀՀ շուրջ 40 բնակավայրերի դպրոցներում ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Անժելա Կժդրյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում իրականացվող պետական քաղաքականության շրջանակում կրթական, գիտական և հանրային իրազեկման բաղադրիչների զարգացմանը վերաբերող առանցքային հարցեր։

Անդրադարձ է կատարվել՝

բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կառույցների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ոլորտում կիրառական գիտելիքի ներդրմանը,

ջրային ոլորտում մասնագետների պակասի լրջագույն խնդրին,

ջրի նկատմամբ պատասխանատու և խնայող վերաբերմունքի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը,

էկոկրթական դասընթացների առավել թիրախային մշակման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով Հայաստանի տարբեր տարածաշրջանների աշխարհագրական և ջրային առանձնահատկությունները,

տեղական բուհերից մեկում աշխարհի հեղինակավոր բուհերից մեկի ոլորտային կրթական ծրագրի ներդրմանը՝ պիլոտային կարգով։

ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացվել է նաև ՀՀ շուրջ 40 բնակավայրերի դպրոցներում ջրի հետ կապված խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն։

Ջրային կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» և «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրերի շրջանակում համակողմանիորեն ուսումնասիրել բարձրացված խնդիրները՝ դիտարկելով դրանց հնարավոր լուծման ուղիները։

Առաջարկվել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հետագա քննարկումների և ծրագրերի իրականացման նպատակով։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համագործակցությունը՝ միտված համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև կրթության և ջրային քաղաքականության միջև կայուն կապերի ձևավորմանը։

Նմանատիպ նյութեր