211652_close_icon
views-count802 դիտում article-date 13:00 05-03-2026

ԱՄԷ կառավարությունը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով Իրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտության վերջին զարգացումներն ու առկա իրավիճակը

Աբու Դաբի, մարտի 3, 2026թ․– ԱՄԷ կառավարությունը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված վերջին զարգացումներին և ներկայիս իրավիճակին, որին մասնակցել են Պաշտպանության, Ներքին գործերի, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարարությունների, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային մարմնի ներկայացուցիչները։

Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունը ասուլիսի ընթացքում ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ԱՄԷ գործադրում է իր ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու և քաղաքացիների ու բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Մասնակիցները հայտնել են նաև իրենց  խորին ցավակցությունն և անկեղծ զորակցությունը նահատակվածների ընտանիքներին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում։ Նշվել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները որևէ պարագայում չի ընդունել և չի ընդունի իր ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն, ինչպես նաև ընդգծվել, որ ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետ մղելու իր դեմ ուղղված ցանկացած ագրեսիա։

Պաշտպանության նախարարության խոսնակ, ավիացիայի բրիգադի գեներալ Աբդուլնասեր Ալ-Հումեյդին ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄԷ-ն գտնվում է պատրաստականության բարձրագույն մակարդակում` իր տրամադրության տակ ունենալով պաշտպանական և սպառազինության համակարգեր ու կարողություներ, այդ թվում՝ ազգային արտադրության, որոնք թույլ են տալիս պաշտպանել պետության տարածքն ու ժողովրդին՝ անկախ տարածաշրջանում լարվածության տևողությունից։ Նա հավելել է, որ ԱՄԷ-ն ունի բազմատեսակ, համալիր և բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ունակ են արդյունավետորեն հակազդել տարբեր օդային սպառնալիքներին՝ ապահովելով օդային տարածքի ամբողջական պաշտպանությունը երկար, միջին և կարճ հեռահարության համակարգերի միջոցով։ Բացի այդ, նա նշել է նաև, որ ԱՄԷ-ն ունի է զինամթերքի բավարար ռազմավարական պաշար, որը թույլ է տալիս երկար ժամանակ շարունակել հակազդման գործողությունները և պահպանել մարտական պատրաստվածությունը՝ ապահովելով պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ իրանական հարձակումների սկզբից ի վեր ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը դիմակայել է երկրի ուղղությամբ արձակված 186 բալիստիկ հրթիռի։ Դրանցից 172-ը ոչնչացվել է, 13-ը՝ ընկել ծովը, իսկ մեկ բալիստիկ հրթիռ ընկել է երկրի տարածքում։ Բացի այդ, հայտնաբերվել է 812 իրանական անօդաչու թռչող սարք, որոնցից 755-ը ոչնչացվել է, իսկ 57-ը՝ ընկել երկրի տարածքում: Հայտնաբերվել և ոչնչացվել է նաև 8 թևավոր հրթիռ, ինչը որոշակի կողմնակի վնասներ է պատճառել։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 3 մարդ, 68-ը ստացել են թեթև վնասվածքներ, իսկ քաղաքացիական մի շարք օբյեկտների պատճառվել է փոքր և միջին  չափի նյութական վնաս:

Նշվել է նաև, որ պետության տարբեր շրջաններում լսվող ձայները բալիստիկ հրթիռների դեմ հակաօդային պաշտպանության համակարգերի արձագանքի և ԱՄԷ-ի կործանիչների կողմից անօդաչու և թևավոր սարքերի ոչնչացման հետևանք են։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հակազդման գործողությունների արդյունքում բոլոր վնասվածքներն ու վնասները թեթև են եղել, քանի որ հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ և ժամանակին որսացել են թշնամական թիրախները՝ նվազագույնի հասցնելով վնասի չափը և կանխելով ավելի մեծ մարդկային և նյութական կորուստները։ Նախարարությունը հավաստիացրել է նաև, որ բնակչության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ համապատասխան մարմինների հետ լիարժեք համակարգմամբ։

Ասուլիսի ընթացքում ՊՆ-ն ընդգծել է նաև, որ ԱՄԷ զինված ուժերը շուրջօրյա հետևում են դաշտային զարգացումներին, որոնք կարող են ազդել պետության անվտանգությանը, կամ օդային, ջրային և ցամաքային տարածքներին։ Այդ նպատակով ձեռնարկվել են արդյունավետ և հաշվարկված օպերատիվ քայլեր, ներառյալ պաշտպանական ուժերի տեղակայման ուժեղացումը, մարտական պատրաստականության բարձրացումը, դիտարկման և վաղ նախազգուշացման համակարգերի ամրապնդումը՝ ապահովելու հայրենիքի պաշտպանության և ինքնիշխանության պահպանման առավելագույն պատրաստվածությունը։ Բացի այդ, ուժեղացվել է տարբեր ռազմական ստորաբաժանումների միջև ինտեգրումը միասնական հրամանատարության շրջանակում, որը կապահովի արագ արձագանք և գործողությունների ճշգրիտ իրականացում հնարավոր սպառնալիքների դեպքում։

Նախարարությունը հավելել է. «Զինված ուժերը վերահաստատում են իրենց լիակատար պատրաստակամությունը դիմակայելու բոլոր սպառնալիքներին՝ անկախ դրանց աղբյուրից կամ բնույթից, և չեն երկմտի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ զսպող միջոցները` հայրենիքի անվտանգության և կայունության պաշտպանության համար»։

Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը կոչ են արել ԱՄԷ բոլոր քաղաքացիներին և բնակիչներին խստորեն հետևել համապատասխան մարմինների կողմից տրված բոլոր հրահանգներին և անվտանգության ցուցումներին՝ առանց որևէ անտեսման, ինչը կամրապնդի պետության ընդհանուր պատրաստվածությունը՝ ապահովելով հասարակական անդորրը և բարձրացնելով ազգային անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունավետությանը։

Նշվել է նաև, որ անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից և ԱՄԷ-ում հաստատված պաշտոնական ալիքներից, այդ թվում՝ համապատասխան մարմինների հայտարարություններից և վստահելի ազգային լրատվամիջոցներից։ Զգուշացվել է չտրվել ասեկոսեներին և չտարածել չհաստատված կամ անհայտ աղբյուրներից ստացված տեղեկություններ, քանի որ դա կարող է անմիջականորեն բացասական ազդեցություն ունենալ հասարակական անվտանգության և ընդհանուր կայունության վրա։

Իր հերթին, ԱՄԷ միջազգային համագործակցության պետնախարար Ն․Գ․ Ռիմ Ալ-Հաշիմին սկսել է իր ելույթը՝ վստահեցնելով պետության քաղաքացիներին, բնակիչներին և այցելուներին, որ ԱՄԷ-ում անվտանգ է և ժողովուրդը գտնվում է վստահելի ձեռքերում, կյանքը շարունակվում է բնականոն կերպով՝ չնայած առկա մարտահրավերներին, իսկ պաշտպանական համակարգը շուրջօրյա բարձր արդյունավետությամբ գործում է բոլորին պաշտպանելու համար։

Նա նշել է. «Վերջին օրերին տարածաշրջանում վտանգավոր և աննախադեպ լարվածության շրջանակում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև Ծոցի այլ երկրներ և մի շարք եղբայրական ու բարեկամ պետություններ, Իրանի կողմից ենթարկվել են բացահայտ հարձակումների՝ չնայած ԱՄԷ-ի հստակ և բազմիցս վերահաստատված դիրքորոշմանն առ այն, որ ԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար։

Պետնախարարն ավելացրել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել ԱՄԷ-ին և ինքնիշխանությունը պաշտպանելու նրա իրավունքին՝ համաձայն միջազգային նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և բացահայտ ագրեսիային դիմակայելու միջազգային իրավունքի»։

Նա ընդգծել է, որ ԱՄԷ-ն այս զարգացումները դիտարկում է հավասարակշռված ռազմավարական ընկալման տեսանկյունից՝ խուսափելով հուզական հռետորաբանությունից, և կոչ է անում իրանական կողմին անմիջապես դադարեցնել հարձակումները ԱՄԷ-ի և հարևան պետությունների վրա։

Ն․Գ․ Ալ-Հաշիմին նշել է նաև, որ ներկայիս ճգնաժամի հաղթահարման և  տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության, կայունության ու բարգավաճման ապահովման նպատակով՝ ԱՄԷ-ն կրկին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և տալ առաջնահերթություն լուրջ և պատասխանատու երկխոսությանը և դիվանագիտական լուծումներին։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄԷ-ն պահպանում է իր լիարժեք և օրինական իրավունքը ինքնապաշտպանվելու այս հարձակումներից՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցները՝  պաշտպանելու իր ինքնիշխանությունը և ապահովելու իր տարածքի, քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունը։

Ն․Գ․ Ռիմ Ալ-Հաշիմին նաև նշել է, որ Թեհրանի կողմից ներկայացվող անհիմն պատճառաբանություններին և արդարացումներին պատասխանելիս անհրաժեշտ է հստակ հայտարարել, որ ԱՄԷ-ն և Ծոցի մյուս արաբական երկրները մեծ ջանքեր են գործադրել ռազմական բախումը կանխելու և լարվածությունը նվազեցնելու համար՝ համոզված լինելով, որ ռազմական լուծումները տարածաշրջանի համար ստեղծում են ծանր հետևանքներ և նոր ճգնաժամեր։

Նա նաև ընդգծել է, որ պետական բոլոր կառույցները գործում են միասնական մոտեցմամբ և բարձր պատրաստվածությամբ՝ շուրջօրյա ռեժիմով, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ցանկացած ոտնձգություն Ծոցի արաբական որևէ պետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Պետնախարարն ընդգծել է, որ ԱՄԷ-ն հավատում է, որ Ծոցի համագործակցության խորհրդի երկրների անվտանգությունը անբաժանելի է, և դրանցից որևէ մեկի դեմ ուղղված սպառնալիքը կամ հարձակումը համարվում է սպառնալիք ամբողջ խորհրդի հավաքական անվտանգության նկատմամբ։ Նա հավելել է․ «Մենք ընդգծում ենք, որ ԱՄԷ-ի կամ Ծոցի որևէ այլ պետության ինքնիշխանության դեմ կատարված ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և որ քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ ԱՄԷ-ն հաստատում է իր լիակատար համերաշխությունը Իրանի կողմից հարձակման ենթարկված եղբայրական պետություններին»։

Ն․Գ․ Ալ-Հաշիմին ընդգծել է նաև, որ տարածաշրջանային հավասարակշռությունը պետք է կառավարվի խելամտորեն՝ հավելելով, որ ԱՄԷ-ն ռեակտիվ պետություն չէ, այլ պետություն, որը կարևորում է հավասարակշռված միջազգային հարաբերությունների պահպանումը և նույնիսկ ամենաբարդ պահերին կապի ուղիները բաց պահելը՝ կտրուկ բևեռացումից խուսափելու համար։

Դիվանագիտական մակարդակում ԱՄԷ-ն արդեն ձեռնարկել է հստակ և վճռական քայլեր, այդ թվում՝ փակելով Թեհրանում իր դեսպանատունը, հետ կանչելով իր դեսպանին և առաքելության անդամներին, ինչպես նաև կանչելով ԱՄԷ-ում Իրանի դեսպանին և նրան հանձնելով խիստ բողոքի նոտա, որով ամենախիստ կերպով դատապարտում է ագրեսիայի անընդունելի սրացումը և վախկոտ հարձակումները՝ հաստատելով, որ ԱՄԷ-ն չի ընդունի իր ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ որևէ ոտնձգություն։

Պետնախարարը նշել է, որ այս իրավիճակի պայմաններում, որը ստվեր է գցում համաշխարհային կայունության վրա, ԱՄԷ-ն շեշտում է, որ զարգացումներին պետք է արձագանքել հավասարակշռված ռազմավարական գնահատականի հիման վրա՝ հեռու մնալով հուզական հռետորաբանությունից։

Նա հավելել է․ «Մեր ուղերձը հստակ է․ Իրանի կողմից իրականացվող հարձակումներն ու ագրեսիաները որևէ արդարացում չունեն, իսկ ռազմական լուծումը միայն կհանգեցնի նոր ճգնաժամերի։ Միևնույն ժամանակ, ռազմական հակամարտության չընդլայնման միակ խելամիտ ճանապարհը մնում է լուրջ և պատասխանատու երկխոսությունը»։ Նա ընդգծել է նաև, որ այս հարձակումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների վրա՝ անմիջականորեն արտացոլվելով քաղաքական, տնտեսական և առևտրային բոլոր մակարդակներում։

Նա նշել է, որ տարածաշրջանային մակարդակում Արաբական Միացյալ Էմիրությունները միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կոչ է արել ստանձնել իրենց պատասխանատվությունը՝ դատապարտելու այդ հարձակումները և ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ դրանց կրկնությունը կանխելու համար։ Նա ընդգծել է. «Չնայած տեղի ունեցած իրադարձությունների ծանրությանը, մեր դիրքորոշումը մնում է հավասարակշռված. մենք չենք ձգտում ընդլայնել առճակատման շրջանակը և չենք հավատում, որ ռազմական լուծումները կարող են ապահովել երկարատև կայունություն։ Մեր տարածաշրջանը այսպիսի էսկալացիայի կարիք չունի, և բանակցությունների սեղանին վերադառնալը շարունակում է մնալ միակ խելամիտ ճանապարհը՝ ճգնաժամը զսպելու և դրա տարածումը կանխելու համար»։

Միջազգային համագործակցության պետնախարարն ավելացրել է. «Մեր ուղերձը այստեղ հստակ է. ԱՄԷ-ն անվտանգության և կայունության պետություն է, որի տարածքում խաղաղ և ներդաշնակ պայմաններում ապրում են ավելի քան 200 ազգությունների ներկայացուցիչներ։ Սակայն պետությունը երբեք չի անտեսում իր ինքնիշխանության պաշտպանությունը։ Մենք կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը, բայց պահպանում ենք ինքնապաշտպանության մեր լիարժեք իրավունքը և ձգտում ենք տարածաշրջանային կայունության, որը հիմնված է պետությունների ինքնիշխանության հարգման և դրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»։

Նա նշել է, որ վճռականության և պատասխանատվության այս հավասարակշռության միջոցով Արաբական Միացյալ Էմիրությունները վստահությամբ և հաստատակամությամբ շարունակում է պաշտպանել իր անվտանգությունը՝ միաժամանակ կարևորելով տարածաշրջանի կայունությունը և հավատալով, որ անվտանգ ապագան կառուցվում է ոչ միայն ուժի, այլ նաև երկխոսության տեսլականի և ավելի բարեկեցիկ ապագայի նկատմամբ ընդհանուր ձգտումների հիման վրա։ Այդ կերպ վստահությունը պետք է մնա ավելի ուժեղ, քան վախը, կայուն ինստիտուցիոնալ աշխատանքը՝ ավելի արագ, քան քաոսը, իսկ որոշումները՝ հանգիստ նույնիսկ աղմուկի պայմաններում։

Իր հերթին, տնտեսության և զբոսաշրջության նախարար Աբդուլլա բին Տոկ Ալ-Մարրին ասուլիսի ընթացքում ներկայացրել է տնտեսության, զբոսաշրջության, ավիացիայի և երկրի գործարար միջավայրի ոլորտներում տեղի ունեցող հիմնական զարգացումները՝ անդրադառնալով նաև այն ցուցանիշներին, որոնք վկայում են այս ճգնաժամը արդյունավետորեն կառավարելու ազգային տնտեսության կարողության մասին՝ հաշվի առնելով դրա բազմազանությունը, բացությունը և բարձր պատրաստվածությունը։

Նախարարը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները, շնորհիվ երկրի ղեկավարության տեսլականի և ուղղորդումների, որոնք սննդային անվտանգության ոլորտում սահմանել են հստակ «կարմիր գծեր», որդեգրել են կանխատեսող և ճկուն ռազմավարություն ու քաղաքականություն։ Դրանք նպաստել են, որ ազգային տնտեսությունը դառնա ավելի կայուն և կարողանա դիմակայել տնտեսական մարտահրավերներին ու ճնշումներին, այդ թվում՝ տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքական զարգացումներին։ Նա ընդգծել է, որ ԱՄԷ-ի տնտեսությունը բազմիցս ապացուցել է իր կարողությունը դիմակայելու միջազգային և տարածաշրջանային տնտեսական և աշխարհաքաղաքական ճգնաժամերի և մարտահրավերների հետևանքով առաջացած ճնշումներին՝ պահպանելով իր կայունությունը բարձր արդյունավետությամբ։

Նա ընդգծել է նաև, որ ԱՄԷ-ն  ունի հիմնական ապրանքների ռազմավարական պաշար, որը կարող է ապահովել շուկայի պահանջարկը 4-ից 6 ամիս ժամկետով։ Դա ապահովում է հիմնական ապրանքների առկայությունը և գների կայունությունը նույնիսկ արտակարգ իրավիճակներում։ Նա հավելել է, որ պետությունը ունի գործընկեր շուկաների լայն ցանց, որոնք մատակարարում են անհրաժեշտ ապրանքներն ու արտադրանքները, ինչպես նաև ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների դեպքում կարող է արագ և արդյունավետ գտնել այլընտրանքային շուկաներ։

Նախարարը նշել է նաև, որ ռազմավարական պաշարների պահեստավորման վայրերը ողջ երկրի տարածքում բաշխված են մանրակրկիտ և հավասարակշռված ձևով։ Բացի այդ, ապրանքների և բեռների ներմուծումը շարունակվում է հաստատված ծրագրերի և անհրաժեշտ տեմպերի համաձայն՝ առանց մատակարարման շղթաներում որևէ խափանման նշանների։

Նա վստահեցրել է, որ տնտեսության և զբոսաշրջության նախարարությունը, տեղական տնտեսական մարմինների և այլ համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ, ամեն օր վերահսկում է մատակարարների և առևտրային կենտրոնների պաշարների մակարդակը: Այն մանրակրկիտ վերլուծություններ է անցկացնում յուրաքանչյուր ապրանքի բավարարության մակարդակի վերաբերյալ: Ավելին, համագործակցելով տեղական տնտեսական վարչությունների հետ, նախարարությունն անընդհատ վերահսկում է ապրանքների գները մանրածախ առևտրի կետերում և խանութներում՝ 627 խոշոր մանրածախ առևտրի կետերին միացված մասնագիտացված թվային հարթակի միջոցով: Նախարարությունը և նրա գործընկերները նաև նախատեսել են Ռամադան ամսվա ընթացքում անցկացնել 420 ստուգայցեր և դաշտային այցելություններ:

Նախարարը նշել է, որ նախարարությունը և տեղական տնտեսական մարմինները իրականացնում են վերահսկողական շրջայցեր շուկաներում և լրջորեն արձագանքում սպառողների կողմից ներկայացվող բողոքներին՝ համոզվելու, որ որևէ ընկերություն չի օգտվում ստեղծված իրավիճակից ապրանքների կամ ծառայությունների գներն անհիմն բարձրացնելու համար։ Նա ընդգծել է, որ ընկերությունները պարտավոր են կատարել իրենց սոցիալական պատասխանատվությունը, հատկապես ճգնաժամերի ժամանակ, և հաշվի առնել բացառիկ պայմանները՝ ապահովելով հավասարակշռություն իրենց գործունեության շարունակականության և սպառողների պաշտպանության միջև։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին խախտումների դեպքում կապ հաստատել 8001222 հեռախոսահամարով։

Նախարարը կարևորել է նաև, որ երկրի բոլոր էմիրություններում բնակվող քաղաքացիները պահպանեն պատասխանատու սպառողական վարքագիծ՝ գնումներ կատարելով ըստ իրական կարիքի և խուսափելով ավելորդ գնումներից, ինչը կնպաստի գների կայունությանը և ապրանքների հասանելիությանը բոլորի համար։ Նա ընդգծել է, որ նախարարությունը խիստ միջոցներ կձեռնարկի խախտողների նկատմամբ՝ ապահովելու շուկաների կայունությունը այս զարգացումների պայմաններում։

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, նախարարը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նախկինում ևս հաջողությամբ դիմակայել են բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և կանխատեսող մոտեցում։ Ներկայումս երկրի զբոսաշրջության ոլորտում գործում է 1260 հյուրանոց, ինչպես նաև ավելի քան 40 հազար ընկերություն, որոնք աշխատում են զբոսաշրջության հետ կապված ոլորտներում։

Նա ընդգծել է, որ համապատասխան պետական կառույցները, այդ թվում՝ տնտեսության և զբոսաշրջության նախարարությունը և տեղական զբոսաշրջային մարմինները, սերտ համագործակցությամբ հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների հետ, գործադրում են համատեղ ջանքեր՝ ապահովելու զբոսաշրջիկների, հյուրերի և հյուրանոցների այցելուների անվտանգությունը, նրանց հանգիստ և հարմարավետ զբոսաշրջային փորձը, ինչպես նաև ապահովելու նրանց պահանջների և կարիքների բավարարումը՝ բարձր որակի և մասնագիտական ծառայությունների միջոցով։

Նախարարը նաև նշել է այն արտակարգ միջոցառումները, որոնք նախարարությունը ձեռնարկել է զբոսաշրջության զարգացման մարմինների և համապատասխան կառույցների հետ համագործակցությամբ՝ ապահովելու ոլորտի ճկունությունը և տրամադրելու լոգիստիկ աջակցություն այցելուներին։ Այդ միջոցառումները ներառում են շարունակական համակարգում դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և համապատասխան պետական մարմինների հետ՝ այցելուների անվտանգ վերադարձը իրենց երկրներ ապահովելու և նրանց ճանապարհորդության կազմակերպումը ավարտին հասցնելու համար։ Բացի այդ, ամրապնդվում է դաշնային և տեղական կառույցների միջև համակարգումը ԱՄԷ-ի զբոսաշրջության խորհրդի միջոցով՝ ապահովելու ճգնաժամին միասնական և արդյունավետ արձագանք, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու վնաս կրած այցելուներին՝ առաջարկելով կեցության տարբեր տարբերակներ, հյուրասիրության հիմնական ծառայություններ և լոգիստիկ աջակցություն այն զբոսաշրջիկների համար, որոնց թռիչքները հետաձգվել կամ չեղարկվել են՝ համագործակցելով հյուրանոցների և մասնավոր հատվածի հետ։

Նա հավելել է. «Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հրահանգել է էմիրության հյուրանոցներին երկարաձգել այն հյուրերի կեցությունը, որոնք չեն կարողացել մեկնել՝ ամբողջությամբ փոխհատուցելով երկարաձգման ծախսերը։ Նմանապես Դուբայի տնտեսության և զբոսաշրջության վարչությունը հրահանգել է հյուրանոցներին երկարաձգել այն հյուրերի կեցությունը, որոնք չեն կարողացել լքել երկիրը թռիչքների չեղարկման, հետաձգման կամ ուշացման պատճառով՝ ներկայիս բացառիկ պայմանների հետևանքով»։

Նա նշել է նաև, որ երկրի հյուրանոցների զբաղվածության մակարդակը շարունակում է մնալ բնականոն, իսկ հյուրանոցները, հանգստավայրերը, զբոսաշրջային և մշակութային վայրերը, ինչպես նաև առևտրի կենտրոնները շարունակում են ընդունել իրենց այցելուներին՝ ծառայություններ մատուցելով հաստատված կարգավորումների շրջանակում և լիովին պահպանելով անվտանգության ու որակի չափանիշները։ Նա նաև նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մշտապես համակարգում է աշխատանքը գործընկերների հետ՝ շարունակաբար գնահատելու ընթացիկ իրավիճակը և դրա զարգացումները, ինչը հնարավորություն է տալիս պլանավորել օդային հաղորդակցության աստիճանական և անվտանգ վերականգնումը երկրի օդային տարածքում։

Նախարարը պարզաբանել է նաև, որ հարևան երկրների հետ համակարգում է իրականացվել՝ բացելու հատուկ օդային ուղիներ արտակարգ իրավիճակների անվտանգ կառավարման նպատակով։ Բացի այդ, Ծոցի համագործակցության խորհրդի երկրները համագործակցում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հետ՝ ակտիվացնելու տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծրագրերը նման ճգնաժամերի համար։

Նա հավելել, որ ներկայումս հասանելի արտակարգ երթուղիների թողունակությունը կազմում է ժամում 48 թռիչք, և առաջիկայում այդ թիվը կարող է աստիճանաբար աճել՝ կախված իրավիճակի զարգացումներից և անվտանգության գնահատականներից։ Նա նշել է նաև, որ ԱՄԷ-ն արդեն սկսել է սահմանափակ օպերացիոն գործողություններ՝ դյուրացնելու քաղաքացիների և ԱՄԷ-ում կացության կարգավիճակ ունեցողների վերադարձը հայրենիք։ Արդեն իրականացվել են թռիչքներ՝ ընթացիկ իրավիճակից տուժած ուղևորներին վերադարձնելու համար երկրի օդանավակայանների միջոցով։ Այդ գործընթացը իրականացվում է փուլերով։ Առաջին փուլում՝ 2026 թվականի մարտի 1-ից մինչ այժմ, ազգային ավիափոխադրողները իրականացրել են 60 թռիչք, որոնցով տեղափոխվել է 17,498 ուղևոր։ Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել օրական 80 պլանավորված թռիչք, որոնց միջոցով կտեղափոխվի ավելի քան 27,000 ուղևոր։

Նա հաստատել  է. «Երկրի ղեկավարության ցուցումներով և Արաբական Միացյալ Էմիրությունների խորապես արմատացած մարդասիրական քաղաքականության հիման վրա պետությունը հայտարարել է, որ կվճարի այն ուղևորների կեցության և սննդի ծախսերը, որոնց թռիչքները հետաձգվել են, ինչպես նաև կապահովի հիմնական ծառայությունների և լոգիստիկ աջակցության շարունակական տրամադրումը այն ուղևորներին, որոնք չեն կարողացել մեկնել օպերացիոն գործունեության ժամանակավոր դադարեցման ընթացքում»։

Նախարարը նաև կոչ է արել այն ուղևորներին, որոնց թռիչքները հետաձգվել են ստեղծված իրավիճակից, չգնալ օդանավակայաններ մինչև ավիաընկերությունների կողմից նրանց հետ կապ հաստատելը՝ խուսափելու համար կուտակումներից և ապահովելու ուղևորների հոսքի սահուն կազմակերպումը։ Նա նաև ընդգծել է պաշտոնական և վստահելի աղբյուրներից տեղեկատվությունը ստուգելու կարևորությունը և զգուշացրել է չտրվել ասեկոսեների կամ ապատեղեկատվության՝ կոչ անելով առաջնորդվել միայն պաշտոնական մարմինների հաղորդագրություններով՝ ապահովելու ճիշտ տեղեկացվածություն և ճիշտ որոշումների կայացում։

Ասուլիսի ժամանակ ունեցած իր ելույթում Ներքին գործերի նախարարության խոսնակ բրիգադի գեներալ Աբդուլազիզ Ալ-Ահմադը վստահեցրել է, որ պետության բոլոր հատվածներում անվտանգային իրավիճակը կայուն է՝ ընդգծելով, որ պատրաստվածությունն ամենաբարձր մակարդակի վրա է՝ հենվելով մասնագիտական ճշգրտության չափանիշների և հստակ ինստիտուցիոնալ աշխատանքի մեթոդաբանության վրա։

Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը գործում է ամբողջական նախաձեռնողական անվտանգային համակարգի շրջանակներում՝  ավելի քան 25 ազգային կառույցի հետ գործակցելով և համակարգելով իր քայլերը։ Սրանով ամրապնդվում են դերերի ինտեգրումը, արագ արձագանքումը և ճշգրիտ որոշումների կայացումը՝ ելնելով համապարփակ ազգային պլաններից, որոնք շարունակաբար թարմացվում են՝  ռիսկերի  պարբերաբար գնահատման և հնարավոր սցենարների վերլուծության հիման վրա, ինչը ապահովում է ցանկացած արտակարգ իրավիճակի մշտական պատրաստվածություն։ Նախարարությունը  նաև ամրապնդել է իր օպերատիվ տեղակայվածությունը՝ ավելի քան 3200 միավոր մասնագիտացված տեխնիկայով և հզորացրել է պատրաստվածությունը՝ ավելի քան 4100 ճանապարհային և անվտանգության պարեկային և զինված արձագանքման ստորաբաժանումներով՝ նախաձեռնողական տեղակայման շրջանակներում, որի միջոցով էլ իրականացվում է արագ միջամտություն եւ արդյունավետ օպերատիվ լուծում։

Նա հավելել է. «Նախարարությունը հենվում է պետական անշարժ և շարժական օպերատիվ շտաբների և օպերատիվ տեղակայվածություն ունեցող ոստիկանական բաժանմունքների վրա, որոնք ապահովված են ամենաժամանակակից համաշխարհային տեխնոլոգիաներով: Սա ապահովում է ահազանգերին արագ արձագանքը,  և, արձագանքման կատարողական ժամանակի առումով, աշխարհի լավագույններից մեկն է համարվում՝ միառժամանակ շարունակելով արդյունավետ և հետևողականորեն մատուցել անվտանգային և ոստիկանական ծառայություններ՝ ցանկացած հանգամանքներում»:

ՆԳՆ խոսնակը հավաստեց, որ ընդհանուր ցուցանիշները խոսում են բոլոր ոլորտներում կայունության և կարգապահության բարձր մակարդակի մասին, որն  էլ իր հերթին ամբողջական ինստիտուցիոնալ աշխատանքի և մշտական շուրջօրյա պատրաստության արգասիք է։ Այստեղ օպերատիվ աշխատանքն իրականացվում է տվյալների դիտարկման և ակնթարթային վերլուծության կարողությամբ օժտված հստակ գործառնական պլաններով, որն էլ իր հերթին ապահովում է ցանկացած նոր իրավիճակի արագ արձագանքումը և արդյունավետ կառավարումը։ Սա նաև ամրապնդում է հասարակության վստահությունը եւ փաստում, որ օպերատիվ համակարգը գործում նախաձեռնողական եւ արդյունավետ կերպով՝ ցանկացած ժամանակ պահպանելով կայունությունը եւ բոլորի անվտանգությունը։

Բրիգադի գեներալ Ալ-Ահմադը վերահաստատեց նաև  պաշտոնական աղբյուրների միջոցով հանրության տեղեկացվածության և պատկան մարմինների կողմից տրված ցուցումներին և անվտանգության ընթացակարգերին լիովին հետեւելու կարեւորությունը, քանզի հասարակությունը կայունության պահպանման հիմնական գործընկերն է, իսկ իրազեկումը՝ հայրենիքի հզորությունն ու անվտանգությունն ամրապնդող ազգային պատասխանատվություն։

Իր հերթին էլ Արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի եւ աղետների կառավարման ազգային վարչության պաշտոնական խոսնակ, դոկտոր Ն․Գ․Սեյֆ Ջումա ալ-Զահիրին նշել է, որ իրադարձությունների սկզբից ևեթ ազգային համակարգը գործակցել է բարձր արհեստավարժությամբ եւ նախաձեռնողականությամբ՝ պատրաստության և պատրաստակամության բարձրագույն չափանիշներին համապատասխան, ինչպես նաեւ՝ բոլոր կառույցների միջեւ ազգային ինտեգրացիայի սկզբունքով։

Նա նաև նշել է, որ համակարգը գործում է ռիսկերի և սպառնալիքների շարունակական և համապարփակ գնահատման սկզբունքով, ինչն էլ  անխափան ապահովում է պահպանել մարդկային կյանքերը, պահպանել ազգային ձեռքբերումները և կենսական նշանակության ծառայությունների շարունակականությունը։ Այս ամենն ընկալվում է որպես նախաձեռնողական պլանավորման, ազգային միասնական վարժանքների, տարբեր սցենաներին դիմակայելու համար պետության պատրաստությունն ու ճկունությունն ամրապնդող կայուն կարողությունների ստեղծման վերջնակետ։

Ալ-Զահիրին ասալ է, որ պետության ներսում առօրյա կյանքն ընթանում է իր բնականոն հունով, և մատուցվող կենսական հիմնական ծառայությունները, ինչպիսիք են՝ էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, կապը եւ հաղորդակցությունը, առողջապահությունը, ապրանքների եւ պարագաների հասանելիությունը, գործում են արդյունավետ եւ կանոնավոր կերպով։ Նա նաև նշել է, որ ակտիվացվել են աշխատանքների շարունակականությունն ապահովող պլանները՝ որպես նախազգուշական միջոց ցանկացած նոր զարգացման պարագային կենսական նշանակության ոլորտների պատրաստականությունն ապահովելու համար, և այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում նաեւ առկա են գործառնական այլընտրանքային տարբերակներ՝ ծառայությունների կանոնավոր աշխատանքը պահպանելու եւ հասարակության կամ տնտեսական գործունեության վրա չազդելու նպատակով։

Նորին գերազանցությունը հավաստել է, որ հեռավար ուսուցման համակարգերի ակտիվացնելու միջոցով ապահովվում է անխափան ուսումնական պրոցեսի շարունակականությունը, որն էլ իր հերթին  տարբեր կրթափուլերում ապահովում է ուսանողների կայուն ակադեմիական ուղին։ Եւ սա արվում է այն նպատակով, որ ուսանողներին կայուն եւ անվտանգ միջավայրում ուսումը շարունակելու հնարավորություն ընձեռվի, ինչն էլ իր հերթին կապահովի նրանց կրթության շարունակականությունը։

Նաև նշվել է, որ նկատի առնելով հարցի մարդասիրական կողմը եւ տեղաշարժը կազմակերպելու հանգամանքը,  համապատասխան մարմինների և ավիաընկերությունների հետ անմիջական համակարգման արդյունքում, երկրի ներսում մնացածների հետ աշխատելու ամբողջական գործառնական պլան է մշակվել, որպեսզի ըստ կանոնավոր ժամանակացույցի՝ առաջիկա ժամանակահատվածում  200-300 թռիչք  իրականացվի, ինչն էլ կապահովի նրանց անվտանգ, անխոչընդոտ մեկնումը։ Եւ սա էլ իր հերթին արտացոլում է բացառիկ իրավիճակներում  ազգային կոորդինացիայի եւ օդագնացության կառավարման բարձր օպերատիվ պատրաստակամության չափը։ Սրա հետ մեկտեղ կդյուրացվեն երկրի ներսում մնացածների տեղավորումն ապահովող անհրաժեշտ ընթացակարգերը մինչեւ նրանց մեկնումի կազմակերպման գործողությունների ավարտը՝ վերահաստատելով  պետության հանձնառությունը հոգ տանելու իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի հանդեպ՝  ապահովելով նրան կացարանով, ապրուստի միջոցներով, տրամադրելով համապատասխան վիզաներ , ինչպես նաեւ՝ տրասպորտային ծառայություններ։

Նորին գերազանցությունը բարձր է գնահատել էմիրաթական հասարակության խոհեմությունն ու համերաշխությունը՝ այս ճգնաժամի ընթացքում, եւ այստեղ արտացոլվեց պետության անվտանգային համակարգի հանդեպ եղած ամուր վստահությունը՝ որպես տարիների տեւական աշխատանքի պտուղ, ինչի արդյունքում էլ ստեղծվեց պատրաստակամության եւ համախմբվածության վրա խարսխված ազգային մի մոդել։ Նա նաեւ նշեց, որ Վարչությունը ճգնաժամի սկզբից ի վեր, ակտիվացրել է միասնական ազգային շուրջօրյա տեղեկատվական հարթակը, որտեղ ներգրավված են բոլոր պատկան մարմինները՝ նախաձեռնողական տեղեկատվական ռազմավարության հիման վրա աշխատանքն ապահովելու նպատակով, ինչն էլ իր հերթին ապահովում է, որ  ԱՄԷ  հասարակությունը եւ միջազգային հանրությունը թափանցիկության եւ հստակության պայմաններում ծանոթանան բոլոր նոր զարգացումներին, իսկ հանրությանը մշտապես տրամադրել բոլոր անհրաժեշտ ցուցումներն ու հրահանգները՝ պետության քաղաքացիների, այնտեղ  բնակվողների եւ այցելուների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նորին գերազանցությունը նաև նշել է, որ հանրությանն անմիջապես զգուշացնելու նպատակով գործի է դրվել նախազգուշական համակարգը,եւ շեշտեց նման զգուշացումները չանտեսելու կարեւորությունը, ինչպես նաեւ՝ դրանց ժամանակ տրված ցուցումներին համապատասխան գործելու անհրաժեշտությունը, ասելով, որ շատ կարեւոր է հիմնվել հավատարմագրված աղբյուրների վրա եւ ոչ ստույգ տեղեկություններ կամ ասեկոսեներ չտարածել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր