211652_close_icon

Ամերիկյան բեռնատարը 1600 կմ ճանապարհն ինքնուրույն հաղթահարել է 15 ժամում

views-count598 դիտում article-date 20:35 22-02-2026
Ամերիկյան Aurora ընկերությունը, որը զբաղվում է ինքնավար վարման տեխնոլոգիաներով, սկսել է շահագործել անվարորդ բեռնատարներ Ֆորտ Ուորթ (Տեխաս) – Ֆինիքս (Արիզոնա) երթուղով, որի երկարությունը կազմում է 1600 կմ։ Առաջին երթուղին իրականացվել է առանց վարորդի մասնակցության և դարձել ամենաերկար ճանապարհորդությունը ինքնավար բեռնատարների համար։

Ճանապարհորդությունը տևել է մոտ 15 ժամ, հաղորդում է Techcult-ը։ Սա մոտավորապես կեսն է այն ժամանակի, որը սովորական վարորդը կարող է անցկացնել ղեկին՝ համաձայն ԱՄՆ դաշնային օրենսդրությամբ սահմանված կանոնների։ Այս սահմանափակումները օրինականորեն շրջանցելու հնարավորությունը լոգիստիկ ընկերություններին տալիս է զգալի տնտեսական առավելություններ։

Aurora-ն 2025 թվականի ապրիլին ստացել է իր առաջին առևտրային եկամուտը՝ Տեխասում անվարորդ բեռնատարների գործարկումից հետո։ Անցած տարվա չորրորդ եռամսյակում եկամուտը կազմել է 1 մլն դոլար, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ արդեն 4 մլն դոլար։

Թեև այս արդյունքները կարող են համեստ թվալ՝ հաշվի առնելով ընկերության տարեկան ընդհանուր 816 մլն դոլարի վնասը, սակայն փորձագետները նշում են, որ դրանք բնորոշ են այն ընկերություններին, որոնք մասշտաբավորում են արհեստական բանականության և ինքնավար համակարգերի հարթակները։

2026 թվականի ավարտին Aurora-ն նախատեսում է բեռնատարների իր կազմը մեծացնել 30-ից մինչև 200 ինքնավար բեռնատարների։ Դրանք կգործեն Տեխասից և Նյու Մեքսիկոյից մինչև Արիզոնա, ինչպես նաև Նևադայում, Լուիզիանայում և Ֆլորիդայում։ Կազմը համալրվելու է ամբողջությամբ ինքնավար International LT բեռնատարներով (ներկայումս ուղերթերի ժամանակ խցիկում դեռևս ներկա են վարորդ-դիտորդները)։

Նմանատիպ նյութեր