211652_close_icon

Հայաստանում փետրվարի 18-ին արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

views-count1894 դիտում article-date 12:26 19-02-2026
ՀՀ-ում փետրվարի 18-ին արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ 

Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։

Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․

օգտագործել հակամիջատային ցանցեր

կրել փակ, երկարաճիտք հագուստ

օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր

Հիշեցում ճանապարհորդներին․

Վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են Չիկունգունիա տենդի բռնկումներ։ Նշված տարածաշրջաններից վերադառնալիս նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել բժիշկ՝ վարակաբանի։

Նմանատիպ նյութեր