211652_close_icon

Երևանի քաղաքապետարանը գիշերային ժամերին շարունակում է վտանգավոր ու խրամատներ հիշեցնող, վթարներով հարուստ «մարդաբոյ» փոսերի վերացման աշխատանքները. ճանապարհաշինարարները Աճառյան փողոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count1111 դիտում article-date 22:46 14-02-2026
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով երեկվանից շարունակվում է մայրաքաղաքում «մարդաբոյ» փոսերի կտրտման, իսկ հետո փոսալցման աշխատանքներ կատարելու գործընթացը։

Կոտայքի մարզից դեպի Երևան ընթացող Աճառյան փողոցում փոսերը հիմնականում խրամատներ էին հիշեցնում և որպես պաշտպանիչ ու նախազգուշացնող ցուցանակներ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն ու քաղաքացիները անվադողեր ու ոստիկանական լուսային ժապավեններ էին տեղադրել, սակայն այդ ամենը ժամանակավոր էր և անընդհատ հիմնականում գիշերային ժամերին ավտոմեքենաները հայտնվում էին փոսերում, ինչի պատճառով էլ կոտրվում էին անվահեծաններ, պայթում անվադողեր։

Վարորդները ամեն անգամ այդ փոսերի հետ «ողջագուրվելուց» հետո ամենաքաղցր խոսքերն էին ուղղում պատասխանատուներին, ասելով, թե 21-րդ դարում երթևեկում ենք քարե դարից ավելի վատ ճանապարհներով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցները ողջ գիշեր ու այս պահին էլ շարունակում են դարն ապրած, վարորդների լեզվով ասած «մեռած ասֆալտը» քերել և սպասում են եղանակի տաքացմանը կամ տեղումների դադարեցմանը, որպեսզի սկսեն փոսալցման աշխատանքները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհաշինարարների անվտանգությունը ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով տեղում ապահովում են Երևանի գնդի պարեկները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին ամիսներին Երևանում քաղաքացիները ամենից շատ քննարկում են ոչ թե սոցիալական խնդիրները, այլ թե երբ են քաղաքային իշխանությունները Երևանը փրկելու «մարդաբոյ» ու վտանգավոր փողերից։ Փոսեր, որոնք շատ դեպքերում հիշեցնում են պատերազմի հետևանքով ռմբակոծված վայրերի, խրամատների ու այդ փոսերի պատճառով է, որ անընդհատ ավտոմեքենաների անվահեծանները կոտրվում են, շատ դեպքերում էլ տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահար։

Այդ փոսերի՝ օր օրի ավելանալու պատճառով էլ շատ քաղաքացիներ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու վարչական շրջանների ղեկավարներին բանաստեղծություններ են ձոնում, որում մասնավորապես ասվում է. «Աշխարհ անցիր, երևանյան փոսերի պես էլ փոս չկա, որպես փառքի անհաս ճամփա, երևանյան փոսն եմ գրկում»։

Նման փոսեր են առաջացել նաև Երևանի Աճառյան փողոցում ու պարեկները իրենց հիմնական աշխատանքը թողած զբաղված են անվադողեր հայթայթելով, որոնց վրա անցկացնում են ոստիկանական ժապավեններ ու այդ անվադողերը տեղադրում են փոսերի մեջ, որպեսզի վարորդները զգան՝ իրենք մոտենում են հերթական վտանգավոր փոսին։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր