211652_close_icon

Տիգրան Ավինյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի գլխավորությամբ սկսվել են Աճառյան փողոցում «մարդաբոյ» փոսերի՝ ասֆալտով փոսալցման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count913 դիտում article-date 21:36 21-02-2026
Երևանում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ շարունակվում են փոսալցման աշխատանքները, որոնք սկսվում են գիշերը 23:00-ից և շարունակվում մինչև առավոտյան ժամը 06:00-ն:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի գլխավորությամբ աշխատանքները սկսվել են Աճառյան փողոցի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Բուսաբանական այգու տարածքից մինչև Մյասնիկյան պողոտա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի և վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ շարունակվում են փոսալցման աշխատանքները։

Փետրվարի 18-ին և փետրվարի 19-ին փոսալցման աշխատանքներ են իրականացվել Դավիթ Բեկի պողոտա–Նուբարաշենի խճուղի խաչմերուկում և հեռուստաշտարակից դեպի Նոր Նորքի 7-րդ զանգված տանող ճանապարհահատվածում։

Այդ հատվածներում փոսերը այնքան շատ էին, այդ թվում՝ «մարդաբոյ», որ ամեն օր մեծ թվով վարորդներ, հայտնվելով փոսերում, կոտրում էին անվահեծանները, վնասում էին ավտոմեքենաները, պայթում էին անիվները։ Անգամ եղել էին դեպքեր, երբ տեղի էին ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Հենց Դավիթ Բեկի պողոտայում էր, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ամբողջ փողոցում առաջացած փոսերում տեղադրել էին անվադողեր, դրանք փաթաթել էին ոստիկանական հատուկ լուսային ժապավեններով, որպեսզի վարորդները նկատեին փոսերը և զգուշանային։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Դավիթ Բեկի պողոտայում։

Նշված պողոտայի մի քանի կիլոմետրանոց հատվածում հսկայական փոսերը իսկական պատուհաս էին դարձել 25-ից ավելի վարորդների համար։ Տարբեր մակնիշի ավտոմեքենաներ հայտնվել էին փոսերում, ինչի հետևանքով կամ անվահեծաններն էին կոտրվել, կամ անվադողերն էին պայթել։

Երջանիկ պատահականությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկային։

Թեպետ մի քանի վարորդներ նշում էին, որ փոսը ընկնելու պատճառով կամ իրենք, կամ իրենց ուղևորը գլխով հարվածել էին դիմապակուն, ինչի հետևանքով դիմապակիներին ճաքեր էին առաջացել։

Վարորդներին օգնության էին հասել մի քանի շարժական վուլկանիզացիա շահագործող մասնագետներ և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Պարեկները հարցի ժամանակավոր լուծման նպատակով 30-ից ավելի անվադողեր էին բերել և սկսել այդ անվադողերը տեղադրել փոսերի մեջ և որպեսզի վարորդները նկատեին, որ փոսերի առաջ են հայտնվել, զգուշանային՝ անվադողերի վրա ոստիկանության լուսային ժապավեններ էին փաթաթել։

Վարորդները շնորհակալություն էին հայտնում շարժական վուլկանիզացիաների աշխատակիցներին ու պարեկներին, ասելով, որ առաջինը հենց նրանք են իրենց օգնության հասել, իսկ թե ով պետք է փոխհատուցի վնասները՝ մնացել է օդից կախված։

Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցի ընթացքում մի քանի վարորդներ, ովքեր չուզեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Գույքահարկ ենք վճարում, բայց փոխարենը մեռանք փոսերը ընկնելով՝ անվահեծաները կոտրելով կամ անվադողերը պայթեցնելով։ Հետո էլ ասում են, թե գույքահարկը ժամանակին վճարեք։ Ամոթն էլ լավ բան է։ Մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեք հարցին․ ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն ցուցաբերվի ժամանակին հարկն ու վարկը վճարած քաղաքացու նկատմամբ։

Երևանի քաղաքապետ, Էրեբունու թաղապետ, թեպետ բոլորին էլ ուղղում ենք մեր խոսքը, որովհետև քաղաքում չկա այնպիսի վարչական շրջան, որ փոսերի առատություն չլինի։ Այնպես որ եկեք քարերը փեշերիցդ թափեք և ձեր պարգևատրված գումարներից մի քիչ հետ գցեք, անվադողեր առեք, եկեք էս փոսերում պաշտպանիչ վահան ստեղծեք, որ հետո չասեք՝ Թրամփը ճիշտ էր, մենք՝ սխալ»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր