211652_close_icon
views-count1420 դիտում article-date 17:12 27-08-2026

Արմավիրի մարզպետն ու Վաղարշապատի քաղաքապետը շոուի փոխարեն թող քաղաքը փրկեն մարդաբոյ, վտանգավոր խրամատներ հիշեցնող փոսերից ու փոշուց. հայ դասականները «գերեզմաններում հիմա շուռ են գալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերջին տարիներին հանրապետությունում հսկայածավալ աշխատանքներ են կատարվել ու շարունակվում մինչև այժմ ճանապարհների հիմնանորոգման և նորերի ստեղծման ուղղությամբ, դա ակնհայտ է, ինչը մեծ ոգևորություն է առաջացնում բնակիչների շրջանում։ Եվ շատերը, երբ տեսնում են աշխատանքները, ոգևորված խոստովանում են, որ անգամ սովետական տարիներին նման ճանապարհաշինական բում չի եղել։

Ցավոք, որոշ դեպքերում վայ չինովնիկները կառավարության բռնած այդ լավ գործը կամ միտումնավոր, կամ էլ չգիտես ինչու անուշադրության են մատնում, չեն ցուցաբերում հետևողականություն, որպեսզի աշխատանքները ավարտին հասցվեն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է Էջմիածին քաղաքում հայ պատմահայր Մովսես Խորենացու, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և հայ մեծանուն արձակագիր Ռաֆայել Պատկանյանի անունները կրող փողոցներում կարծես «սոդոմ-գոմոր» լինի։

Բնակիչներն արդարացիորեն բողոքում են, որ Արմավիրի մարզպետն ու Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարը ոչինչ չեն անում և ավելի շատ զբաղված են շոու անելով, քան բնակիչների դարդին դարման լինելով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին․

«Ամիսներ առաջ, երբ շինտեխնիկայով մտան էս փողոցները, ոգևորվեցինք, ասացինք՝ վերջ, պրծանք ավտոմեքենաներ ջարդելուց, փոսեր փախցնելու հետևանքով այլևս վթարներ չեն լինի, դուռ ու լուսամուտ էլ հանգիստ կարող ենք բաց թողնել։ Բայց այդ ուրախությունը կարճ տևեց։ Օրերով ոչ մի ճանապարհաշինարար չես տեսնի այս հատվածում։ Հազիվ 2-3 հոգի աշխատեն, էն էլ 2-3 օր շաբաթվա մեջ, նրանք էլ կամ հնդիկ են, կամ իրանցի։ Մի թեթև քամի, ամբողջ ճանապարհներով մեկ թափված ավազն ու փոշին լցվում են տները, տները որն է, կոկորդներս է լցվում։ Էլ չենք դիմանում փոշուն։ Դրան էլ գումարած ճանապարհային անվտանգության ոչ մի ցուցանակ չկա։ Գիշերը մարդիկ էդ ցուցանակների ու լուսային փարոսիկների բացակայության պատճառով հայտնվում են փոսերով։

Մարզպետին թողնես, ինքնագովեստով զբաղվի։ Ոչ մարզպետին ենք այլևս հավատում, ոչ էլ քաղաքապետին, երկուսն էլ կարծես մի սանրի կտավ լինեն, իրա բերան առած վերևների ներկայացնում են, թե աշխատանքները մեծ թափով առաջ են գնում։ Մի քանի խաչմերուկ ավիրել եք, դա՞ է ձեր պատկերացրած աշխատանքներն առաջ տանելու գործը։ Խորենացին կենդանի լիներ, պատկերացնում ենք ձեր մասին ինչեր կգրեր, Թումանյանը որ կենդանի լիներ, կասեր՝ դուք ավելի շատ «Լոռեցի Սաքոն» եք, քան մարդկանց մասին մտածող, իսկ Պատկանյանն էլ էնպես մի պիես կգրեր մարզպետի ու քաղաքապետի մասին, որը հետո շատ կինոռեժիսորներ կվերածեին ֆիլմի ու հաստատ Օսկար կստանային։ 

Արդեն հոգնել ենք մարզպետի ու քաղաքապետի տված դատարկ խոստումներից։ Հիմա կարդարանան, կասեն դա մենք չենք անում, կառավարությունն է անում։ Կառավարությունը ֆինանսավորում է, դուք էլ բարի եղեք ցուցաբերել հետևողականություն ու քաղաքը փրկեք այս խրամատներ հիշեցնող, ամեն վայրկյան վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհներից»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ցանկալի է, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մի օր անակնկալ այցելի Էջմիածին ու վստահ ենք, որ մարզպետին ու քաղաքապետին արդարացիորեն մի մուշտի կարող է տալ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր