211652_close_icon

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

views-count2014 դիտում article-date 10:18 07-01-2026
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին և հաճախորդներին հրահանգել է լքել տարածքը՝ այդ կերպ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ակումբի երգչուհու նկատմամբ:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։     

Նմանատիպ նյութեր