211652_close_icon

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակմանը

views-count1087 դիտում article-date 20:14 04-12-2025
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն միշտ հետևողականորեն ձգտել է Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ «Արմենպրես»-ի՝ Մոսկվայի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ հրապարակված փաստաթղթերի առնչությամբ ռուսական կողմը նպատակահարմար է համարում ներկայացնել իր գնահատականը։

«ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց մշակմանն ու ընդունմանը Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, հաստատում են, որ երեք տասնամյակ շարունակ մեր երկիրը՝ որպես միջնորդ և Մինսկի խմբի համանախագահ, հետևողականորեն ձգտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ այդ մոտեցումը միշտ հիմնված է եղել երկու հիմնական սկզբունքների հավասարակշռության վրա՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարգման և Ղարաբաղի բնակչության իրավունքների ու շահերի ապահովման՝ միջազգային ճանաչված նորմերի ու սկզբունքների համաձայն։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը դեկտեմբերի 2-ին հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

Հրապարակված փաստաթղթերն են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016 և 2019 թթ.), ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարություններն Ազգային ժողովում, Կրակովի փաստաթուղթը, Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ փաթեթային առաջարկները, Կազանի փաստաթուղթը, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկները, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին, Բուդապեշտի 1994թ. գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Նմանատիպ նյութեր