211652_close_icon

Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում Արցախի թեմի առաջնորդի կեցվածքն ու դիրքորոշումը

views-count2704 դիտում article-date 15:44 01-12-2025
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրույթը. այս մասին «Ապառաժ»-ի փոխանցմամբ, հայտնել է ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մի խումբ այլ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ նոյեմբերի 29-ին նրանք հանդես են եկել Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու կոչով։

Թեմական խորհրդի ատենապետը հայտնեց նաև, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին և հորդորել հայտարարությամբ հանդես գալ և ներողություն խնդրել իր բռնագաղթյալ ժողովրդից։ Այդուհանդերձ, չնայած թեմի առաջնորդի հավաստիացումներին, հայտարարության մեջ ներողության խոսք չի չհնչել։

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի` փաստացի Արցախի թեմի առաջնորդը չցանկացավ ներողամտություն հայցել իր ժողովրդից։ Դեռ ավելին, իր հայտարարություններով ավելի խորացրեց վրդովմունքն ու ափսոսանքը։ Հովհաննիսյանը հավելեց, որ առաջիկայում թեմական խորհուրդն այս առնչությամբ հանդես կգա իր հստակ դիրքորոշմամբ։

Նա անթույլատրելի է համարեց նաև Արցախի թեմի կայքէջը թեմին չվերաբերող մի խումբ հոգևորականների խոսափող դարձնելը։

Նմանատիպ նյութեր