211652_close_icon

Հնդկաստանի ՊՆ պաշտպանական հարցերով միացյալ քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

views-count679 դիտում article-date 18:11 06-11-2025
 
Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հարցերով միացյալ քարտուղար Ամիտ Սաթիջան նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ամիտ Սաթիջան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 

Նմանատիպ նյութեր