211652_close_icon

Ադրբեջանը ոչնչացնում է օկուպացված Արցախի Սբ. Ներսես Մեծ եկեղեցին

views-count448 դիտում article-date 19:36 30-10-2025
Monument watch-ը ահազանգում է․

«Ադրբեջանական թելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից (https://t.me/maidentower/58690): Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր (նկ. 1): Եկեղեցին և նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվել է: Արկեր են ընկել և պայթել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 2004 թվականին բարերար Ալիս Օհանյանի կողմից (https://hetq.am/hy/article/64015):

Մեր արձագանքը

Մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict 1954, article 4, UNESCO, http://www.unesco.org/new/en/culture/themes/armed-conflict-and-heritage/convention-and-protocols/1954-hague-convention/)։

Պատերազմների/զինված բախումների դեպքում մշակութային արժեքների թիրախավորման արգելքը ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական կանոններով, որոնք ունեն սովորութային իրավունքի կարդավիճակ․ այսինքն միջազգայնորեն պարտադիր են։

Միջազգային մարդասիրական օրենքի 38-րդ կանոնը պնդում է. «Հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է հարգի մշակութային արժեքը և ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուսափելու կրոնին, արվեստին, գիտությանը, կրթությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների և պատմական հուշարձանների վրա հարձակումներից, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» Customary IHL, Practice Relating to Rule 38. Attacks against Cultural Property, https://ihl-databases.icrc.org/customary-ihl/eng/docs/v2_cou_be_rule38։

Իսկ 40-րդ կանոնն ամբողջացնում է ասվածը՝ նշելով, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է պաշտպանի մշակութային ժառանգությունը. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող ժառանգության գողության, կողոպուտի կամ յուրացման և վանդալիզմի ցանկացած ձևի գործողություն արգելվում է» Customary IHL Rule 40. Respect for Cultural Property, https://ihl-databases.icrc.org/customary-ihl/eng/docs/v1_rul_rule40:

Հաագայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, հարձակման ժամանակ ժառանգության արժեքները չվնասելու համար հակամարտության կողմերից պահանջվում է՝

ա) անել հնարավորը` ստուգելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտը 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածով պաշտպանված մշակութային արժեք չլինի,

բ) ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները հարձակման միջոցների և մեթոդների ընտրության հարցում՝ մշակութային արժեքների պատահական վնասներից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար,

գ) ձեռնպահ մնալ հարձակումը սկսելու որոշում կայացնելուց, որը ենթադրում է, որ պատահական վնաս կհասցնի մշակութային արժեքներին,

դ) չեղյալ հայտարարել կամ կասեցնել հարձակումը, եթե պարզվում է, որ թիրախը մշակութային արժեք է, որի վրա հարձակումը կարող է պատահական վնաս պատճառել դրան, որը չափազանց մեծ կլինի կանխատեսված կոնկրետ և ուղղակի ռազմական առավելության համեմատ https://ihl-databases.icrc.org/en/ihl-treaties/hague-prot-1999/article-7?activeTab=undefined»:

 

Նմանատիպ նյութեր