211652_close_icon

Գյումրի համայնքի ղեկավարը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ձայնագրությունները կեղծված լինելու մասին

views-count2647 դիտում article-date 12:43 21-10-2025
Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասացնելու մասին որոշումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել հակակոռուպցիոն կոմիտեն:

«Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն պնդումներին, թե Գյումրի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ են և չեն առնչվում նրա անձին, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն հարկ է համարում պարզաբանել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին՝ տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով իր սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։

Բացի այդ, քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր