211652_close_icon

«Բարսելոնայի» եկամուտները 2024/25 մրցաշրջանում ռեկորդ են սահմանել

views-count388 դիտում article-date 15:54 08-10-2025
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն եկամուտները հասել են ռեկորդային 994 միլիոն եվրոյի՝ գերազանցելով 2018/19 մրցաշրջանի նախորդ ռեկորդը՝ 990 միլիոն եվրո։

Մաքուր օպերացիոն շահույթը կազմել է 2 միլիոն եվրո, ինչը վկայում է երկրորդ տարին անընդմեջ դրական ֆինանսական հաշվեկշռի մասին։ Եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ռեկորդային հովանավորչական գործարքներով, ներառյալ Nike-ի հետ պայմանագիրը, որը բերել է 259 միլիոն եվրո։

Ակումբային ատրիբուտիկայի վաճառքը աճել է 55%-ով՝ հասնելով 170 միլիոն եվրոյի։ Սպորտային հաջողությունները և հանդիպումների բարձր այցելությունը ապահովել են 39 միլիոն եվրո հավելյալ եկամուտ։ Հարկերն ու տուգանքները հաշվառելուց հետո ակումբը գրանցել է 17 միլիոն եվրոյի կորուստ, որը մասնավորապես պայմանավորված է ՈւԵՖԱ-ի կողմից ֆինանսական «ֆեյր-փլեյի» խախտման համար սահմանված 15 միլիոն եվրո տուգանքով։ Ակումբի ընդհանուր պարտքը նվազել է 90 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 469 միլիոն եվրո։

Աշխատավարձային ֆոնդը կազմում է գործառնական եկամուտների 54%-ը, ինչը համապատասխանում է ՈւԵՖԱ-ի նորմերին։ Առաջիկա 2025/26 մրցաշրջանի համար ակումբի ղեկավարությունը հաստատել է 1,075 միլիարդ եվրո կանխատեսվող եկամուտով բյուջե։

Թարմացված «Կամպ Նոու» մարզադաշտ վերադառնալը կանխատեսվում է, որ կբերի 50 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում 19 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ընդդեմ «Ժիրոնայի»։

Նմանատիպ նյութեր