211652_close_icon

Սպառողների հետ կնքվող պայմանագրերում չի կարող ինքնաբերաբար երկարաձգման պայման ներառվել, եթե ապահովված չեն մի շարք պահանջներ. ՄՍՇՊՀ

views-count538 դիտում article-date 21:39 03-10-2025
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթներ էր հարուցել սպառողների հետ կնքվող որոշակի ժամկետով (6 ամիս, 1 տարի և այլն) միանալու պայմանագրերում այդ ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման պայման սահմանված լինելու առնչությամբ։

Վարույթների քննության արդյունքում ընդունված որոշումներով մի շարք կարևոր արձանագրումներ են արվել։

Մասնավորապես՝
Սպառողը պետք է հնարավորություն ունենա պայմանագիր կնքելու պահին ընտրելու՝ ցանկանում է, որ այն ինքնաբերաբար երկարաձգվի, թե ոչ։ Օրինակ՝ եթե բաժանորդը կնքում է 12 ամսով ինտերնետ ծառայության մատուցման պայմանագիր, որում նախատեսված է ինքնաբերաբար երկարաձգման հնարավորություն, ապա նա նաև պետք է հնարավորություն ունենա հրաժարվելու դրանից հենց պայմանագրի կնքման պահին։

Եթե պայմանագրով նախատեսված է ինքնաբերաբար երկարաձգում, ապա սպառողը պետք ողջամիտ ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորություն ունենա, ընդ որում պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած պահի կարող է հայտնել, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։

Սպառողը պետք է նախապես իրազեկված լինի՝

Ե՞րբ է ավարտվում պայմանագիրը,

Ի՞նչ ժամանակահատվածում կարող է առարկել պայմանագրի ինքնաբերաբար երկարաձգման դեմ,
Եթե չառարկի, պայմանագիրը ի՞նչ ժամկետով է երկարաձգվելու։

Պայմանագրի երկարաձգումից հրաժարումը չպետք է սպառողից պահանջի ավելի շատ ջանքեր, քան պայմանագրի կնքումը։ Օրինակ՝ եթե նախատեսված է պայմանագրի կնքում առցանց եղանակով, ապա սպառողից չի կարող պահանջվել, որպեսզի նա երկարաձգումից հրաժարվելու համար պարտադիր ներկայանա ընկերության գրասենյակ։

Նմանատիպ նյութեր