211652_close_icon

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

views-count313 դիտում article-date 18:52 02-10-2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:

Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Խորհուրդը կարևոր հարթակ է, այդ թվում՝ երկկողմ հանդիպումների ձևաչափով կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր քննարկելու համար:

«ՀՀ գլխավոր դատախազությունը, ստանձնելով Խորհրդի նախագահությունը, Խորհրդի մյուս անդամների հետ շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մշակման աշխատանքները»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու այդ համատեքստում կարևորել համակարգված ջանքերի ներդրումը։

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:

Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

Նմանատիպ նյութեր