211652_close_icon

ՀՀ ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ աշխատանքը

views-count310 դիտում article-date 15:27 01-10-2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
 
Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհավորել է նրան կարևոր և պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։
 
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և այլ ոլորտները։
 
Պաշտպանը կարևորել է գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշելով նաև Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ քայլերի շարունակականության կարևորությունը։
 
Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Նմանատիպ նյութեր