211652_close_icon

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

views-count598 դիտում article-date 11:10 01-10-2025
2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (1875-1957 թթ.)՝ հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):

Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում, ուսումը շարունակել Հառիճի  վանքի դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

1893-1895 թթ. ուսանել է Գերմանիայում Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում:

1897 թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Երգեր ու վերքեր» խորագրով:

1909 թ. գրել է հռչակավոր «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որի գլխավոր հերոսը ինքը` բանաստեղծն է՝ համամարդկային ցավի ու տառապանքի, անհատի ողբերգության կրողը:

Գրական գործունեությանը զուգահեռ Իսահակյանը զբաղվել է նաև ազգային-քաղաքական գործունեությամբ, որի համար բազմիցս հետապնդվել է: Շուրջ 20 տարի հարկադրաբար ապրել և ստեղծագործել է հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում:

1936 թ. Իսահակյանը վերադարձել է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցել են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ. նրան տրվել է «Վարպետ» պատվանունը:

1946-1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ, Հայկական հարցին վերաբերող հրապարակախոսական հոդվածներ, հուշեր ու նամակներ:

Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:

Հայաստանում մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ անվանակոչվել են Իսահակյանի անունով։ Երևան և Գյումրի քաղաքներում գործում են Իսահակյանի տուն-թանգարանները, նրա հիշատակը հավերժացնում են այնտեղ գտնվող հուշարձանները: Ի պատիվ բանաստեղծի՝ Հայաստանի գրողների միությունը սահմանել է «Ավետիք Իսահակյան» գրական մրցանակը:

Դիմերես՝ Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:

Դարձերես՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 10 000 դրամ
Մետաղը/հարգը՝ ոսկի 9000
Քաշը՝ 8,6 գ
Տրամագիծը՝ 22,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Թողարկման քանակը՝ 300 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2025

Նմանատիպ նյութեր