211652_close_icon

Պետք է աստիճանաբար իմանալ ճշմարտությունը, մենք մի օր վերադառնալու ենք Արցախ․ Բեգլարյան

views-count562 դիտում article-date 22:10 27-09-2025
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

«Այսօր ընտանիքով էինք գնացել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված պաշտպաններին:

Երբ մոտեցանք մի ընկերոջ գերեզմանի, մի զոհվածի մայրիկ մոտակայքում բարձրաձայն հեկեկում էր ու «խոսում» որդու հետ: Հետո գնացինք մեկ այլ հարազատի գերեզմանի մոտ, չորսամյա Արփին համառորեն հարցնում էր ինձ, թե ինչու էր այդ տատիկը լացում:

Ես ու ու Արմինեն պատասխանեցինք, որ նա կորցրել է իր տղային: Արփին ասաց, որ պետք է օգնել տատիկին ու վազեց նրա ուղղությամբ: Երբ հետևից գնացինք ու հարցրեցինք, թե ուր է գնում, ասաց, որ գնում է տատիկին օգնելու, որ գտնեն տղային…

Նրան հազիվ տարանք այդտեղից՝ հնարավորինս բացատրելով, թե ինչ են նշանակում պատերազմն ու զոհվելը և մենք ինչու ենք երախտապարտ զոհվածներին: Դե իսկ յոթնամյա Նանեն քույրիկին բացատրեց, որ նրանք աստղերի մոտ են, իսկ մենք մեկ օր վերադառնալու ենք Արցախ…

Մեր երեխաները պետք է աստիճանաբար իմանան ճշմարտությունը և ստանձնեն պատասխանատվություն դրա համար»:

Նմանատիպ նյութեր