211652_close_icon

Խստորեն դատապարտում եմ Փարաքարում տեղի ունեցած լկտի զինված hարձակումը․ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց․ Փաշինյան

views-count1426 դիտում article-date 09:02 24-09-2025
Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, կրակոցներ ու սպանություններ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 

Ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչութան պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:

Ժամանել էին նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք: 

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
 
Տեղում աշխատում էր նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կա մեկ վիրավոր: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր