211652_close_icon

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ալեսսանդրո Ֆերրանտին հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

views-count1492 դիտում article-date 16:23 10-09-2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը: Կոմիտեի նախագահը, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերություններին, նշել է, որ  Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Իտալիայի դեսպանատան հետ շարունակական աշխատանքներ են տարվել համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով: Այդ տեսանկյունից հատկապես կարևորվել է Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը, ճանաչողական այցերի իրականացումը Իտալիա՝ համանման գործառույթներ իրականացնող կառույցների հարուստ փորձին տեղում ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի Ֆինանսական գվարդիայի միջև կնքված փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակներում մի շարք արդյունավետ միջոցառումների իրականացմանը: Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հույս է հայտնել, որ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության արդյունքում Կոմիտեի ծառայողները հետագայում ևս կշարունակեն ծանոթանալ ու տեղայնացնել իրավապահ ոլորտում հարուստ փորձ ունեցող իտալացի գործընկերների մոտեցումներն ու նրանց կողմից կիրառվող նորարարական լուծումները:

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին նույնպես բարձր է գնահատել Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող արդյունավետ աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համագործակցության ոլորտները:

Ընդգծելով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների անդրազգային բնույթը՝ դեսպանը կարևորել է դրա դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու ջանքերի մեկտեղումը: Դեսպանը միաժամանակ նշել է, որ Իտալիայում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքներից են կրթությունն ու գիտելիքը, արժեքահեն մտածելակերպը:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ միասնական աշխատանքի արդյունքում նոր թափ կհաղորդվի ՀՀ-Իտալիա իրավապահ համագործակցության զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր