211652_close_icon

ՀԷՑ-ն այսուհետ ձեռնպահ է մնալու էլեկտրոնային հաշվիչները բացառապես ռուսաստանյան «Կասկադ Էներգո»-ից գնելուց. կանցկացվեն մրցույթներ

views-count2221 դիտում article-date 21:51 27-08-2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրավերով Հայաստան ժամանած ռուսաստանյան «Կասկադ Էներգո» ընկերության ղեկավար կազմի հետ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ քննարկելու համար ՀԷՑ-ի էներգահամակարգում առկա տեխնիկական-ծրագրային խնդիրները, էլեկտրոնային հաշվիչների տեղադրման և փոխարինման գործընթացներում առկա թերություններն ու դրանց ծրագրային ապահովման և սպասարկման ոլորտում վերջերս ի հայտ եկած տարաբնույթ խափանումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԷՑ-ից, «Կասկադ Էներգո» ընկերությունն իր հայաստանյան ներկայացուցչության («Կասկադ էներգո» ՍՊԸ) միջոցով 2016-2017 թվականներից մինչ օրս ՀԷՑ-ին է մատակարարել ավելի քան 800 հազար էլեկտրոնային հաշվիչներ՝ շուրջ 100 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: 

«Նշված հաշվիչներից շուրջ 707 հազարն արդեն միացված են «ՀԷՑ» ՓԲԸ-ի էներգահամակարգի ցանցին և դրանցով իրականացվում է քաղաքացիների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառումը: 

Ժամանակավոր կառավարչի կողմից՝ իր լիազորությունների շրջանակներում տրված հանձնարարականներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Կասկադ Էներգո» ռուսաստանյան ընկերության և վերջինիս հայաստանյան ռեզիդենտ կազմակերպության կողմից մատակարարված սարքավորումների, ծառայությունների և ծրագրային ապահովման աշխատանքների համար առկա չեն պարտադիր փաստաթղթավորման համար անհրաժեշտ հանձնման-ընդունման բազմաթիվ ակտեր, իրավունքների փոխանցման վճարահաշվարկային և մի շարք այլ փաստաթղթեր:
Պարզվել է նաև, որ առկա է «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ին փոխանցված մի քանի միլիարդ ՀՀ դրամի չափով կանխավճարի մնացորդ, որի դիմաց դեռևս որևէ սարքավորում կամ ապրանք չի մատակարարվել, ինչպես նաև այս պահի դրությամբ որևէ ծառայություն ՀԷՑ-ին չի մատուցվել:

Հանդիպման ընթացքում Ժամանակավոր կառավարչի կողմից առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Ընկերության կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների՝ բացառապես թափանցիկ ու ներառական մրցութային կարգի անցկացման առաջնահերթությանը և պաշտոնապես արձանագրվել է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ն այսուհետ ձեռնպահ է մնալու մինչև այժմ ցանցի արդիականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային հաշվիչներն «ավանդույթի ուժով» բացառապես «Կասկադ Էներգո» ընկերությունից ձեռքբերելու պրակտիկայից և վերջիններիս կոչ է արել համահավասար պայմաններում այսուհետ մասնակցել այդ սարքավորումների գնման մրցութային գործընթացներին և առաջարկել մրցակցային գներ:

Ժամանակավոր կառավարչի կողմից առաջարկվել է նաև գործող պայմանագրի և փոխադարձ պարտավորությունների շրջանակներում պատշաճ սպասարկում իրականացնել արդեն իսկ տեղադրված հաշվիչների անխափան աշխատանքի ապահովման համար, միջոցներ ձեռնարկել մինչ այս մատակարարված, սակայն դեռևս չտեղադրված և կարգաբերման ենթակա խմբաքանակների միացման ուղղությամբ։

Հյուրերին պաշտոնապես տեղեկացվեց նաև, որ Ժամանակավոր կառավարչի հրամանով «ՀԷՑ» ՓԲԸ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ «Կասկադ էներգո» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ փոխգործակցության միջոցով մինչև սեպտեմբերի 30-ը մանրամասն գույքագրելու կողմերի միջև առկա իրավական և ֆինանսական փոխպարտավորությունները, լրացնելու ողջ բացակայող փաստաթղթավորման համար անհրաժեշտ ակտերը, կատարելու ապրանքանյութական և ֆինանսական փոխադարձ հաշվարկներ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԷՑ-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ աշխատանքների ամփոփումից հետո, 1-ամսյա ժամկետում ևս մեկ աշխատանքային հանդիպում անցկացնել և վերլուծել ստեղծված իրավիճակը՝ առկա առաջնահերթությունների համատեքստում:
 

Նմանատիպ նյութեր