211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ՝ ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6892 դիտում article-date 10:28 22-08-2025
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր: 

Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի: 
 
Դեպքի մասին տեղեությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է:
 
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, ով մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն՝ մահացած: 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր