211652_close_icon

Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

views-count661 դիտում article-date 22:25 19-08-2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2022 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, 14,5 մլն և 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով համայնքապատկան շենք-շինությունները, առանց դրանց շուկայական արժեքների գնահատում իրականացնելու, կադաստրային և շուկայական  արժեքներից անհամեմատ ցածր գներով ապօրինի օտարել է իր ազգականին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, համայնքի ավագանու որոշմամբ տրված համաձայնության հիման վրա, կազմակերպել և իրականացրել է համայնքում գտնվող 1217,74 քմ անշարժ գույքի աճուրդով վաճառքը՝ որպես մեկնարկային գին սահմանելով կադաստրային արժեքից էականորեն ցածր՝ 608 հազ. ՀՀ դրամ գումարը:  Արդյունքում՝ համայնքի ղեկավարը նշված գույքը կադաստրային արժեքից 8 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝ 812 հազ. դրամով օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:      

Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը կազմակերպել և իրականացրել է տվյալ համայնքում գտնվող ևս մեկ՝ 649,14 քմ. մակերեսով, 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառքը: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքը  կադաստրային արժեքից շուրջ 3 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝  352.000 ՀՀ դրամով կրկին օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Նմանատիպ նյութեր